Ադրբեջանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն երկրում կրոնական ազատությունների հաստատման նպատակով, ասված է Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցում: Զեկույցում ներկայացված են կրոնական ազատությունների ապահովման հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրները: Զեկույցի համաձայն, կրոնական ազատությունների հետ կապված վատագույն վիճակում են Բիրման, Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: Լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ղազախստանը:
Ներկայացնելով զեկույցը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է կրոնական ազատությունների կարեւորությունը երկրի զարգացման համար.
«Ոչ մի երկիր չի կարող իր ներուժն իրագործել, եթե տվյալ երկրի քաղաքացիներին արգելվում է ազատ իրականացնել ազատ դավանանքի իրավունքը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2013-ից ի վեր այդ երկիրը պատկանում է կրոնական ազատությունների հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների թվին, որտեղ խախտվում են ոչ միայն մահմեդականների, այլեւ այլ դավանանքների ներկայացուցիչների իրավունքները: Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից հրապարակված այս տարվա զեկույցում որպես կրոնական ազատությունների խախտման օրինակ, նշված է նաեւ, որ Բաքվում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որն առգրավվել էր հայերից տարիներ առաջ, օգտագործվում է այսօր որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պահոց:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում