Լրահոս
Օրվա լրահոսը

200 տարվա դասերը

Հոկտեմբեր 15,2015 10:05

«Տո դուք գիտեք, ես ի՛նչ տղա եմ, ես իմ երկրում «պերվի կրուգ» եմ ֆռում, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարների հետ գործ-մործ եմ անում, Բարաք Հուսեյնովիչն ինձ անձամբ է հանձնարարականներ տալիս, 17 երկրում ինձ մեդալներ են տվել: Դուք չեք էլ պատկերացնում, թե որտեղ ի՛նչ փողեր, ի՛նչ բիզնեսներ ունեմ ես»: Պատկերացնո՞ւմ եք, որ Բիլ Գեյթսն այդպես գլուխ գովեր իր ասուլիսում: Մարդիկ լրջորեն կանհանգստանային ամերիկացի միլիարդատիրոջ հոգեկան առողջության համար:

Հայ-ռուսական իրականության համար դա սովորական է: Իհարկե, մի քանի լրատվամիջոց թեթեւ հեգնանքով են գրելու նման բիզնեսմենի մասին, բայց Արա Աբրահամյանն առանձնապես «նորմայից» չի շեղվում: Անձնական շփումների ժամանակ մեր՝ հայաստանյան օլիգարխները ճիշտ նույն ձեւով են խոսում: Պարզապես մեզ մոտ նրանք ասուլիսներ չեն տալիս՝ այդքան խելք եւ զգուշավորություն ունեն: Մոսկվաբնակ մեր հայրենակիցը, հավանաբար, շատ է ազդված Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջադրանքները կատարելուց, եւ քանի որ «ցարին» մոտ կանգնած մարդ է, դրանից հավելյալ գլխապտույտ է զգում: Այստեղից էլ ոչ միայն «շարքային» օլիգարխի, այլեւ գիտնականի, փիլիսոփայի եւ քաղաքական գործչի հավակնությունները:

19-րդ դարի սկզբին ոսկե հանք գտած եւ այդպիսով հարստացած ամերիկացի «կովբոյը» նման ձեւով կխոսեր, բալզակյան «նուվորիշ» բանկիրներն էլ այդպիսի հոգեբանություն ունեին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք հավելյալ 200 տարի չունենք, որ հասունանանք եւ հասնենք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին: Ուրիշների փորձը պետք է նախեւառաջ նրա համար, որ մենք այդ ճանապարհն ավելի արագ անցնենք:

Որոնք են այդ՝ 200 տարվա դասերը (բնականաբար, ոչ միայն Արա Աբրահամյանի, այլեւ բոլորիս համար). փորձեմ հակիրճ ձեւակերպել: Փող ունես՝ հալալ է քեզ, մեկը թող հազար դառնա: Բայց ամեն րոպե մի՛ թափահարիր այդ փողը բոլորի քթի առաջ: Թե չէ՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ դու ինքդ քեզնից զարմացած ես: Մեդալներ ես ստացել՝ շատ լավ է, համեստորեն լռիր դրա մասին, մի՛ վերագրիր դա քո արտառոց տաղանդին: Բարեգործություններ ես անում՝ շատ ապրես, մի՛ գոռա դրա մասին, թող քո աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը: (Նույն Բիլ Գեյթսն, ի դեպ, իր ողջ կյանքի ընթացքում բարեգործության վրա ծախսել է 36 միլիարդ դոլար, բայց երբեւէ չեմ լսել, որ նա դրա մասին խոսի): Լրատվամիջոցներ, քեզ վրա աշխատող լրագրողներ ունես՝ դա էլ է նորմալ: Բայց մի՛ ստիպիր, որ «ժողովուրդն» այդ լրատվամիջոցներով րոպեն մեկ ասի՝ «շնորհակալություն մեծն բարերար Այսինչ Այսինչյանին»: Վերջապես, եթե փող ունես, պարտադիր չի, որ կուսակցություն բացես կամ պատգամավոր դառնաս՝ կարելի է ապրել նաեւ առանց քաղաքական հավակնությունների:

Բայց եթե նման հավակնություններ, այնուամենայնիվ, դրսեւորվում են, պետք չէ շտապել «քաղաքագիտական վերլուծություններ» անել, տվյալ մեծահարուստին հռչակել «հայկական Իվանիշվիլի» եւ նրա հետ «ոչ իշխանական» եռյակ-քառյակ կազմել: Կամ՝ դուետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լեւոն Մելքումյան says:

    Մի քիչ փող պետք է ծախսել խոսել սովորելու վրա: Ժամանակն է:

  2. Ruben says:

    Հայ փախստականների, գաղթականների, պանդուխտների, քոչվորների
    համաշխարհային կոնգրեսի մեդալակիր նախագահ (президент)՝ Արա Արշավիրի Աբրահամյան:

  3. Արսեն says:

    Արդյոք դրանք են վերջին 200 տարվա դասերը?
    (Մասնավորապես մտածեք՝ «Փող ունես՝ հալալ է քեզ», հիպերհիմարության վրա… էլ ինչ եք պատրաստ «հալալեցնել»? Եթե «Փող ունես՝ հալալ է քեզ»՝ դրանից հետևում է արդյոք, որ «փող չոոնես՝ հասնում ա քեզ»? Արդյոք կարևոր չէ, թե ինչ եղանակով է մարդը հասել «փող ունեցողի» կարգավիճակին? Չեք գտնում, որ այդպիսով արդարացնում եք գոյություն ունեցող (և ձեր հերը անիծող) փողի պաշտամունքը?)։

Պատասխանել Լեւոն Մելքումյան

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031