Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Սերժ Սարգսյանից լավը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2015 16:00

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ լավ կենսագրություն
եւ փորձ Հայաստանում շատ-շատերն ունեն

Րաֆֆի Հովհաննիսյանը 7 հոգով ձեւավորել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որը պայքարելու է ոչ միայն սահմանադրական փոփոխությունների դեմ, այլեւ իշխանափոխության համար:

«Առավոտը» այս առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ փրկիչների ժամանակներն անցել են, վերջին փրկիչը Քրիստոսն է եղել, ինչո՞ւ եք ճակատի անունը դրել հանրային փրկության: Նա պատասխանեց. «Իհարկե, բայց փրկիչները մենք չենք, ողջ ժողովուրդն է: Ժողովուրդն ինքն է իրեն փրկելու: Մենք փրկիչներ չենք, մենք փրկչի սինդրոմով չենք տառապում: Ընդամենը որպես քաղաքական գործիչներ, շատ քիչ մնացած ընդդիմության ներկայացուցիչներ՝ փորձում ենք երկրի այս աղետալի իրավիճակը շտկել»:

Մեր հարցին՝ ենթադրենք, Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալեցիք, ի՞նչ եք առաջարկում դրանից հետո, եթե դուք ՀՀԿ-ի թիմն ուզում եք փոխել մեկ այլ թիմով, պիտի հստակ ասեք, թե ումով ում եք փոխելու, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի դիմաց ինչ են ստանալու: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախ անցումային կառավարություն են ստեղծելու. «Այդ կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ազատ, արդար, թափանցիկ եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Թե մեր հասարակությունը, մեր քաղաքացիները ում կընտրեն՝ դա արդեն իրենց իրավունքն է: Բայց ամենակարեւոր խնդիրն այդ դեպքում այն է, որ ով էլ ընտրվի՝ ունենա քաղաքացու քվեն: Այսօր մեր իշխանությունների եւ մեր արտաքին քաղաքականության բացասական կողմերից մեկն այն է, որ չունենալով լեգիտիմ իշխանություն՝ մենք անընդհատ տրվում ենք ճնշումների եւ մեր ինքնիշխանությունն անընդհատ կորցնում ենք: Ու դա լինում է այն աստիճան, որ նույնիսկ Հայաստանը չի կարողանում բողոքի նոտա հղել երկու օր շարունակ Հայաստանի տարածք ներխուժած ուղղաթիռների համար: Այն դեպքում, երբ ռազմական ուղղաթիռներն ունեն նավիգացիոն համակարգ, որտեղ հստակ նշվում է՝ սահմանն անցե՞լ են, թե՞ չեն անցել»:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ ամբիոնից հարց ուղղեց ընդդիմությանը՝ ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից ավելի լավը, ինչո՞ւ պիտի նա նստի տանը. «Մի հատ նայեք Սերժ Սարգսյանի կենսագրությունը՝ Ղարաբաղից սկսած, Հայաստանով վերջացրած: Ինչո՞ւ պիտի այդպիսի հարուստ կենսագրությունով պետական քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա նստի իր տանը»:

Մարգարիտ Եսայանի հարցն ուղղեցինք Արմեն Մարտիրոսյանին, նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանից լավն է նա, ով ունի ժողովրդի քվեն: Նա՛ է ամենալավը: Լավ կենսագրություն Հայաստանում շատ-շատերն ունեն, փորձ եւս շատերն ունեն: Բայց այստեղ շատ կարեւոր է քաղաքական կամքը, եւ կարեւոր է, թե ով ունի ժողովրդի քվեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031