Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

500 հազար «խաղարկվող» ձայն սահմանադրական հանրաքվեի ժամանակ

Հոկտեմբեր 15,2015 15:00

Փակ քննարկում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում

Օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկում է եղել: Դրան հանձնաժողովի անդամներից բացի՝ մասնակցել են նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ոստիկանության ներկայացուցիչներ: Քննարկվել է նույնականացման քարտերով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունը: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր նույնականացման քարտ ունեն: Երբ խորհրդարանում քննարկվում էր նույնականացման քարտի մասին ՀՀ օրենքի նախագիծը, ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեցին` ի՞նչ է լինելու ընտրական շրջանում: Այն ժամանակ այդ հարցը հստակ պատասխանի չարժանացավ: Խնդիրն այն է, որ նույնականացման քարտի մասին օրենքը սահմանում է, որ մարդը ցանկացած իրավունք դրանով պետք է իրացնի, այդ թվում նաեւ ընտրական, քանի որ այն ներքին անձնագիր է հանդիսանում:

Բայց Ընտրական օրենսգիրքը արգելում է նույնականացման քարտով ընտրական իրավունքի իրացումը, որովհետեւ կրկնակի քվեարկությունը բացառելու համար անձնագրում կնիք պետք է դրվի: Ստացվում է, որ երկու օրենքները իրար հակասում են: Վերջերս կայացած հերթական տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին շրջանում` Աբովյան, Արտաշատ քաղաքներում եւ այլն, նույնականացման քարտերով քվեարկությունը կիրառվեց, խնդիր չեղավ: Բայց հսկողություն չկար, ու թե տեսականում, թե գործնականում չի բացառվում, որ մեկ մարդը մի քանի անգամ քվեարկած լինի: ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլում` Իջեւան եւ այլն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները արգելեցին նույնականացման քարտերով քվեարկությունը, որի իրավունքն, ըստ էության, չունեին: ԿԸՀ-ն որոշեց, որ այն մարդիկ, ովքեր ունեն նույնականացման քարտ, բայց չեն պահպանել հին անձնագիրը, դատական կարգով պետք է վերականգնեն իրենց ընտրելու իրավունքը:

Վերջերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը մի նախագիծ էր ներկայացրել, որի համաձայն՝ նախ պետք է թույլատրվի նույնականացման քարտերով ընտրական իրավունքի իրացումը, եւ որ ամենակարեւորն է` հսկող մեխանիզմներ պետք է սահմանվեն: Տիգրան Ուրիխանյանն, օրինակ, առաջարկում է, որ ընտրատեղամասերում տեղադրված հատուկ պոստ-տերմինալների միջոցով նշում կատարվի, եւ մարդը մեկ անգամից ավելի չկարողանա ընտրել նույնականացման քարտով:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կայացած փակ քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի երկրորդ կետը, այսինքն` վերահսկողություն սահմանելը հանել, թողնել միայն նույնականացման քարտով քվեարկությունը: Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է: Նա նույնիսկ ասել է, որ եթե հսկողության դրույթը չընդունվի, ինքն ընդհանրապես կհանի իր նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկել է, որ անձնագրային կենտրոնները նույնականացման քարտի հիման վրա տեղեկանք տան, ու մարդը մասնակցի քվեարկության: Տիգրան Ուրիխանյանը դրան էլ է դեմ եղել: Մարդը վստահություն չունի պետական այդ կառույցի նկատմամբ էլ, գերադասում է տեղամասերում ուղղակի վերահսկողության սահմանումը: Այդ քննարկման ժամանակ համաձայնության չեն եկել, ու չի բացառվում, որ ի վերջո՝ ՀՀԿ-ն համանման նախագծի սեփական տարբերակը ներկայացնի` 500 հազար ձայներով խաղարկելու հնարավորությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ օգտագործելու համար:

Բայց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կտրականապես հերքում է, որ նախաձեռնության հիմնական նպատակը սահմանադրական հանրաքվեն է: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրներն են ստիպել անդրադառնալ հարցին ու հստակություն մտցնել: «Նույնականացման քարտերը մեր երկրում, այսպես ասած, ներքին օգտագործման համար են, պետք է այլեւս անձնագրերին փոխարինեն: Դրանք կարծես վերջին մեկ տարվա ընթացքում է, որ մասսայական օգտագործման ծավալների դարձան: Վերջին տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ակնառու դարձան Ընտրական օրենսգրքի եւ նույնականացման քարտերի մասին օրենքի հակասությունները` ընտրական իրավունքը իրացնելու հարցում, ինչը 18 տարին լրացած բոլոր ՀՀ քաղաքացիների իրավունքն է»,- ասաց նա` հավելելով, որ խորհրդարանական քաղաքական ուժերի մոտ այն իմաստով, որ նույնականացման քարտով մարդը պետք է կարողանա մասնակցել ընտրություններին, կոնսենսուս կա:

«Թե ինչ մեխանիզմներով դա պետք է իրականացվի՝ դեռ քննարկման փուլում է: Այս պահին որեւէ ավելի բան ասել չեմ կարող»,- ասաց նա` հավելելով, որ քանի որ մինչեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քիչ ժամանակ է մնացել, այժմ պետք է միջանկյալ լուծում գտնել, թույլ տալ մարդկանց քվեարկության մասնակցել նույնականացման քարտերով, հետո արդեն առավել հանգամանալից անդրադառնալ հարցի կարգավորմանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031