Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն էլ է սկսել օգտվել վրացական ավիաընկերությունների ծառայություններից

Հոկտեմբեր 15,2015 14:00

Բյուջեից ավիատոմսեր գնելու գումարները գնում են
ոչ թե հայկական ավիաընկերությունների գրպանը, այլ վրացական

Հայաստանի կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը եւ տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել՝ Բելառուսի Գրոդնո քաղաք պատվիրակությունն ուղարկելով չարտերային չվերթով, որն արժեցել է 24 հազար եվրո: Գրոդնո մեկնելու համար կառավարությունը 13 միլիոն 168 հազար դրամ է վճարել ոչ թե տեղական ավիաընկերությանը, որպեսզի գոնե այդ գումարները մեր երկրում մնան, այլ միլիոնները վճարել է վրացական «Ջիորջիան էյրվեյս» ավիաընկերությանը:

Ի դեպ, վրացական ավիափոխադրողի ծառայություններից օգտվելը կառավարությունը բացատրում է նրանով, որ հայկական ավիափոխադրողներին այդ օրերին հարմար չի եղել, իսկ կառավարության այցը Գրոդնո խիստ հրատապ էր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջի մեկ անձից գնումներ բաժնից:

Կառավարությունը պայմանագիրը «Ջիորջիան էյրվեյս» ավիաընկերության հետ կնքել է ռուսերեն լեզվով, այլ արժույթով, բացի այդ՝ հաշվի են առնվել վրացական ավիաընկերության կանոնադրության որոշ առանձնահատկություններ, ինչի արդյունքում հնարավոր չի եղել պահպանել գնումների մասին օրենքի պահանջները:
Վրացական ավիաընկերության հետ կնքած պայմանագրից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությունը գումարը՝ 24 հազար եվրոն, պետք է վճարեր թռիչքը կատարելուց հետո՝ 5 բանկային օրից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայության համար «Ռադար-Ավիա» ընկերությանը վճարել է 6 միլիոն 450 հազար դրամ:

Բյուջեի վրա թանկ կնստի նաեւ Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքը: Կոմիտեն 57 միլիոն 699 հազար դրամ կվճարի «Ագաթ-777» ընկերությանը՝ երեսպատման աշխատանքների համար:
Ուշագրավ է, որ թե՛ ոստիկանությունը եւ թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը միլիոնների ավիատոմսեր են գնում միեւնույն «անձից»՝ «Սպուտնիկ» ընկերությունից:
Սփյուռքի նախարարությունն էլ 5 միլիոն դրամի փոստային ծառայություններից է օգտվել: Անգամ արագացված փոստով նամակներ, բացիկներ ու ծանրոցներ է, որ ուղարկել է այս ու այն կողմ:

Այս նախարարությունը 1 միլիոն 500 հազար դրամի մինչեւ դեկտեմբեր ամիսը 106 քմ ոչ բնակելի տարածք է վարձակալել «Զանգակ-97» ընկերությունից: Պայմանագրում նշված չէ, թե նախարարությունն այդ տարածքն ինչ նպատակով է օգտագործելու:
Համեստությամբ չի փայլում նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: Չնայած ծախսերը կրճատելու վարչապետի հորդորին՝ այս նախարարությունը Մոսկվա մեկնելու երկու ավիատոմսի համար «Մարությաններ» ընկերությանը վճարել է 1 միլիոն 104 հազար դրամ:
Մինչեւ բիզնես կարգ չի լինում՝ դատախազությունն էլ տեղ չի մեկնում: Այս կառույցին էլ բյուջեից կտրամադրեն 2 միլիոն 694 հազար դրամ, որպեսզի դատախազության աշխատակիցներից մեկը բիզնես կարգով, մնացած 4 աշխատակիցն էլ էկոնոմ կարգով մեկնեն Թբիլիսի-Աստանա եւ վերադառնան Թբիլիսի:

Ուշագրավ է, որ բյուջեի գումարները ծախսվում են ոչ թե մեր ավիաընկերություններից օգտվելու, այլ վրացական ավիաընկերությունների վրա:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Վայքի ՃՇՇ»-ին կվճարի 99 միլիոն 900 հազար դրամ՝ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի միջպետական ճանապարհի փլված հատվածը հիմնանորոգելու համար: «Վայքի ՃՇՇ»-ն աշխատանքները պետք է կատարի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մոտ 500 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ է գնել «Է.Ֆ.Դ.» ընկերությունից, բայց թե ինչ նպատակով՝ կառավարության փաստաթղթում չի մանրամասնվում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել