Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդի գործը դատարանն ուղարկել է նոր քննության

Հոկտեմբեր 15,2015 13:30

Վերաքննիչ բողոք բերած վարորդ Հայկ Գասպարյանն իր վերաքննիչ բողոքում հայտնել էր, թե Կոտայքի մարզում նշանակված իր դեմ հայցի քննությանը ինքը չի ներկայացել, եւ դատարանը գործը քննել ու ավարտել է իր բացակայությամբ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ հոկտեմբերի 6-ին ետ ուղարկելով գործը, արձանագրել էր, որ գործից բացակայում են Հայկ Գասպարյանի` դատական նիստերի ժամանակի եւ վայրի մասին դատական ծանուցագիրը ստանալու փաստը հավաստող ապացույցները, ինչպես նաեւ հայցադիմումի օրինակը, կից ներկայացված ապացույցները եւ դատարանի որոշումները ստանալու փաստը հավաստող ապացույցները:
Գործից բացակայել է որեւէ ապացույց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված պատասխանողի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցելու մասին:

Ընկերությունը խնդրել էր Հայկ Գասպարյանից հօգուտ իրենց՝ «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի, բռնագանձել 1.868.739 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար: Դատարանը հայցապահանջը բավարարել էր առանց վարորդի մասնակցության եւ վճռել Հայկ Գասպարյանից հօգուտ «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի բռնագանձել 1.868.739 ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի հատուցման գումար:
Իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 37.374 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Այսինքն՝ մարդուց զգալի չափով գումարի բռնագանձման վճիռ է կայացվում, առանց լսելու նրա բացատրությունները, առարկությունները, զրկելով ներկայացուցիչ-փաստաբան ունենալու, անմիջական իրեն առնչվող գործին մասնակցության հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է. «Գործում առկա չէ որեւէ ապացույց, որով կհաստատվեր դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու եւ բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ սույն գործի փաստերը համադրելով` վերաքննիչ դատարանը գտնում է, որ խախտվել է բողոքաբերի՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա վերաքննիչ դատարանը բողոքի սույն հիմքը հիմնավոր է համարում եւ դիտում է որպես բավարար հիմք դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության ուղարկելու համար, այդ իսկ պատճառաբանությամբ բողոքաբերի մնացած փաստարկներին չի անդրադառնում»:

Հայկ Գասպարյանն աշխատել է «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊ ընկերությունում, որպես վարորդ: Նա օգտագործել է 2009թ. հոկտեմբերի 1-ին կնքված աշխատանքային թիվ 89 պայմանագրով իրեն հանձնված տրանսպորտային միջոցը: Երբ ազատվել է աշխատանքից, ըստ հայցվոր ընկերության, որեւէ հանձնում-ընդունում չի կատարվել, իսկ տրանսպորտային միջոցն էլ վարորդը «անսարք վիճակում թողել եւ հեռացել է` չկատարելով իր կողմից վնասված տրանսպորտային միջոցի վերանորոգում»: «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊ ընկերությունը դատարան ներկայացրած իր հայցադիմումում պնդել էր, թե իր կողմից կատարվել է տրանսպորտային միջոցի անսարքությունների զննություն: Պարզվել է, որ վնասի չափը կազմում է 885.000 ՀՀ դրամ: Դատարան է ներկայացվել «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊ ընկերության կողմից տրված տեղեկանքը:

Ընկերությունը հայտնել էր, որ Հայկ Գասպարյանի կողմից տրանսպորտային միջոցն անսարք վիճակում թողնել-հեռանալու հետեւանքով մինչ օրս չի կարողանում այն շահագործել եւ ստանալ եկամուտներ: Այս մասով ընկերությանը պատճառված վնասի չափը բաց թողնված օգուտի տեսքով կազմել է 983.739 ՀՀ դրամ, ինչը հաստատվում է «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանք-հաշվարկով: Իրավական հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ հոդվածն էր, համաձայն որի՝ «Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում»:

Դատարանից հայցվոր ընկերությունը պահանջել էր առաջնորդվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի պահանջների բավարարմամբ, համաձայն որի՝ «Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031