Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոսում եմ, որ Խորեն Աբրահամյանը չի խաղացել «Համլետ»

Հոկտեմբեր 15,2015 13:00

Մարո Մադոյան-Ալաջաջյանը՝ Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»
գործի թարգմանության եւ շեքսպիրյան ճշմարտությունների մասին

Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը» գործն այլեւս հասու է հայ ընթերցողին: Այն անգլերենից հայերեն է թարգմանել Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Ես ատում եմ «Համլետը» ներկայացումն առաջին անգամ խաղացվել է Բրոդվեյում 1991 թ.: Այդ թատերախաղում քննարկվում է այն հարցը, թե որքանով է Շեքսպիրի «Համլետը» ժամանակակից հանդիսատեսի համար հոգեհարազատ: Ռուդնիկն իր թատերախաղը լցրել է ծիծաղով՝ նրբորեն ծաղրելով անշարժ գույքի ընչաքաղց գործակալին, հոլիվուդյան անմիտ արտադրության ղեկավարին, հավակնոտ, սակայն բարի նպատակ հետապնդող դերասանուհիներին եւ հարբեցող, կնամոլ դերասաններին: «Առավոտի» հետ զրույցում թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը նշեց, որ ԱՄՆ-ում տարբեր ներկայացումներ է դիտել, ինչ վերաբերում է Փոլ Ռուդնիկի գործի մեկնաբանությանը, դիտելուց հետո ցանկություն է ունեցել անպայման հայերեն թարգմանել. «Մտածեցի, որ խնդիրը համամարդկային է, միայն ամերիկացիներին չի վերաբերում: Ցավոք, մեր հասարակությունը գնալով սիրում է ամեն ինչից վայրկենական հաճույք ստանալ, մինչդեռ նախկինում այդպես չէր»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, միայն թատրոնին նվիրված դերասանն է ունակ Շեքսպիրին խորապես հասկանալ եւ Շեքսպիր խաղալ, այսինքն՝ դա պետք է լինի արվեստագետ, որը սերիալներում չի նկարահանվում:

Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը» պիեսի գլխավոր հերոսը սերիալներում խաղացող հանրահայտ դերասան է՝ Անդրու Րալին: Նա շատ գումար է վաստակում, գործերը միշտ լավ են ընթանում, մինչեւ այն պահը, երբ անգործ է մնում ու առաջարկ ստանում Համլետին մարմնավորել: Րալին, սակայն, պատրաստ չէ մարմնավորել այդ կերպարը, քանի որ ինքն ընդամենը սերիալի դերասան է: Նա քաջ գիտակցում է այդ ամենն ու սկսում է ատել Համլետին եւ վախենալ նրա կերպարից: Մեկ էլ Համլետի հոր ուրվականի նման նրան է հայտնվում հանգուցյալ Ջոն Բերիմուրը, որը ողջ կյանքում շեքսպիրյան հերոսների է մարմնավորել: Նա անընդհատ հետապնդում է Րալիին, մինչեւ նա սովորում է Համլետ խաղալ: Մարո Մադոյան-Ալաջաջյանը փաստում է. «Փոլ Ռուդնիկը ամերիկյան թատերգության ամենահումորաշատ հեղինակներից է, թեպետ իր ասածների մեջ շատ լուրջ խնդիրներ են դրված»:

Maro_Sadoyan_Alajajyan-2
Մեր հարցին՝ մի՞թե չեն անցել Շեքսպիրի ժամանակները, թարգմանիչը պատասխանեց. «Պարտադիր չէ, որ Շեքսպիրը նախնական ձեւով բեմադրվի, նորովի մեկնաբանություններ կան, որոնք ուղղակի հրաշալի են: Ինչ վերաբերում է Ռուդնիկին, ինքը շատ խորը հարցերի է անդրադառնում, քիչ հումորով է մոտենում հարցերին, բայց միեւնույն է՝ չի պակասեցնում հարցերի խորությունը: Հիմա՝ Շեքսպիրի ժամանակների անցնելու մասին. եթե մտածում ենք, որ դրանք անցել են, ուրեմն ինչ-որ մի արժեհամակարգ դուրս է եկել մեր կյանքից, բայց դա էդպես չէ: Համլետի ասպետական կերպարը չի կարող ժամանակավրեպ լինել, որովհետեւ ցանկացած աղջիկ ասպետ է երազում: Իմիջիայլոց, երբ Ռուդնիկի հերոսը պատրաստվել է Համլետ խաղալ, իր մոտ եւս ասպետականությունն է արթնանում»:
Մարո Մադոյան-Ալաջաջյանը նշում է, որ միշտ հատուկ ընտրում է այն գործերը, որոնք պետք է հայերեն թարգմանի, ուզում է, որ հայ հանդիսատեսն ու ընթերցողը բարձր գործերի հաղորդակից լինեն: Նրա խոսքով. «Չի կարելի թատերական արվեստը շարունակել խեղկատակությունններով եւ սերիալներով, թատերարվեստն ուրիշ բան է: Մենք պետք է նորից մեր հասարակությանը վարժեցնենք լուրջ գործեր դիտելուն, թե չէ՝ հայ հասարակությունը շեղվել է մեկ ուրիշ ուղղությամբ եւ համբերություն չունի լուրջ բան դիտելու: Իմ համոզմամբ, Համլետ խաղալը համարվում է բարձրակարգ դերասան լինելու էտալոն, եթե դու դա հաղթահարել ես, ամենակարեւորը՝ ժամանակին ես Համլետ խաղացել, ուրեմն մեծ տարիքում արդեն հրաշալի Լիր կխաղաս: Ես շատ եմ ափսոսում, որ երիտասարդ տարիներին մեր Խորեն Աբրահամյանը չի խաղացել Համլետ…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031