Հայ եւ հայազգի ճանաչված մշակույթի գործիչների հետ (հիմնականում թատրոնի եւ երաժշտարվեստի ոլորտներում) հայ հանդիսատեսը Հայաստանում սկսեց շփվել փառատոների միջոցով: Իմիջիայլոց, վերջիններիս խորհրդային տարիներին անվանում էին ստուգատեսներ: Օրինակ, անվանի ռեժիսորներ Եվգենի Սիմոնովին, Ռուբեն Աղամիրղյանին, դերասանուհիներ՝ Վրաստանից Մայա Թբիլենի-Կարապետյանին, Ֆրանսիայից Նորա Արմանիին եւ մյուսներին, ԱՄՆ-ից երաժիշտներ՝ ջութակահար Անի Կավաֆյանին եւ ալտահար Իդա Կավաֆյանին, ալտահար Քիմ Քաշքաշյանին, Մեծ Բրիտանիայից ջութակահար Լեւոն Չիլինկիրյանին հենց փառատոների միջոցով հանդիպեցինք Հայաստանում:
Հիմա էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) սեպտեմբերի 10-ին մեկնարկած 9-րդ Երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը: Վերջինիս եղբորը՝ ջութակահար Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանին երաժշտասերները կմտաբերեն 1990-ականների վերջերին, դարձյալ ՀԱՖՆ-ի հայաստանյան համերգից:
«Առավոտի» հետ զրույցում Քսավիեր Ֆիլիպսը նշեց, որ իր եղբոր՝ Ժան-Մարկի եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի հետ ժամանակին ձայնագրված Armenia CD-ն վերջերս արժանացել է Choc of the Year մրցանակին: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասաց. «Տեսնո՞ւմ եք, թե հայերի համագործակցությունը ինչ արդյունքի է հանգեցնում… Ի դեպ, մեր երակներում հայի արյուն հոսելու համար պարտական ենք մեր մորական պապին»:
Մեր զրուցակիցը ծնվել է Փարիզում, մասնակցել հեղինակավոր մրցույթների, այդ թվում՝ Չայկովսկու, Ռոստրոպովիչի անվան, Բելգրադում եւ Հելսինկիում ավանդաբար անցկացվող մրցույթներին եւ այլն: «Երջանիկ արվեստագետ եմ, որ մեծանուն Ռոստրոպովիչի ղեկավարությամբ նվագել եմ Պրոկոֆեւի Սիմֆոնիա-կոնցերտը եւ Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները: Համագործակցել եմ Ռիկարդո Մուտիի, Կուրտ Մազուրի, Վլադիմիր Ֆեդոսեեւի, Վլադիմիր Սպիվակովի եւ մյուս իսկապես աշխարհահռչակ դիրիժորների հետ: Երեւանյան համերգից հետո մինչեւ այս տարվա ավարտը հանդես կգամ Փարիզի, Բեռլինի, Ֆլորիդայի, Սիեթլիի, Լոզանի եւ այլ նվագախմբերի հետ, իհարկե՝ կարիերայիս ընթացքում կարեւորում եմ նաեւ ձայնագրությունները»,- հայտնեց թավջութակահարը:
Քսավիեր Ֆիլիպսը տպավորված էր հայաստանցի թավջութակահարներով: «Օրերս անցկացված վարպետության դասընթացներին լսելով ձեր երաժիշտներին, ամբողջական պատկերացում կազմեցի Երեւանի կոնսերվատորիայում նրանց ստացած բարձրակարգ ուսման մասին: Իհարկե, առաջին անգամ չէի լսում հայ երաժիշտների: Շրջագայություներիս ընթացքում հանդիպել եմ նրանցից շատերի հետ»,- հայտնեց արվեստագետը:
Կարդացեք նաև
Թավջութակահարի հետ զրույցին ներկա էր նաեւ գերմանացի երաժիշտ Քրիստոֆ Պոպպենը, որն առաջին անգամ է Հայաստանում: Նա ճանաչված է եւ իբրեւ դիրիժոր, եւ մենակատար ջութակահար, եւ կամերային երաժիշտ, եւ մանկավարժ: Ինչպես հայտնեց Պոպպենը, Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին նա լսել է քրոջից՝ ալտահար Դիմուտ Պոպպենից, որը համերգներով մի քանի անգամ է այցելել Հայաստան: Նա ոչ միայն հիանալի է ճանաչում արտերկրում ստեղծագործող հայազգի երաժիշտներին, այլեւ նշեց, թե Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի կոնցերտը առաջին անգամ կատարել եւ ձայնագրել է Քիմ Քաշքաշյանի հետ: «Տաղանդավոր կոմպոզիտոր Մանսուրյանը դեռեւս տարիներ առաջ գրեց մի ստեղծագործություն, նվիրեց ինձ, որի պրեմիերան կայացավ Տոկիոյում: Դա ջութակի համար գրված, բնականաբար, հայկական ինտոնացիաներով մենանվագ ստեղծագործություն էր»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե մանկավարժական գործունեության ընթացքում իր մոտ կարճ ժամանակ ուսանել է ջութակահար Անուշ Նիկողոսյանը, որի հետ ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ օրերս կհնչեցնեն մանսուրյանական կոնցերտը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10..2015