Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերն անմասն չմնացին թատերական տոնից

Հոկտեմբեր 15,2015 12:00

Հայաստանի թատերական գործիչների միությունը պարբերաբար փառատոներ է կազմակերպում մարզերում` բեմարվեստի նվաճումները հասու դարձնելով բնակչությանը: Վերջին տարիներին, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը երկու անգամ անցկացվել է Արցախում, իսկ Կապանի թատրոնի նոր շենքի բացմանը «Արմմոնո» փառատոնի ներկայացումները լավագույն նվեր էին թատերասերների համար: 2014-ին փառատոն անցկացվեց Վայոց ձորի մարզում (մարզկենտրոնից բացի, թատերախմբերը ելույթներ ունեցան նաեւ մի քանի գյուղերում), օրերս էլ՝ Աբովյան քաղաքում (հոկտեմբերի 5-11): Փառատոնը նվիրված էր 1963թ. հիմնադրված Աբովյան քաղաքի տոնին: Բացման հանդիսավոր արարողությունից առաջ, թատրոնի մուտքի մոտ, ելույթ ունեցան Երեւանի մնջախաղի թատրոնի դերասանները:

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին` համագործակցության համար, ցանկություն հայտնեց թատերական փառատոնը դարձնել ավանդական:
Հակոբ Ղազանչյանն էլ նշեց. ուրախալի է, որ թատերասեր Աբովյանում անցկացվում է փառատոն եւ հավելեց, որ նման թատերական փառատոները կարելի է դարձնել միջազգային, այս իմաստով, կարծես, հիմքը դրված է, քանի որ մասնակցում է նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնը:

tatron-2

Փառատոնի բացման պատիվը տրվեց սունդուկյանցիներին. ներկաները դիտեցին Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» ներկայացումը: 580 տեղանոց լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց, այդ էր վկայում ներկայացման ընթացքում տեղին ծափահարությունները, ավարտին` շնորհակալությունները ՀԹԳՄ եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակիցներին:

Տոնական օրերին թատերասերները դիտեցին Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» (Համազգային թատրոն), Է. Շմիդտի «Ամնեզիա» (Կամերային թատրոն), Վ. Ստեփանյանի «Բրեմենի երաժիշտները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Ի. Ցադովի «Ես եւ Դու» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոն), Վ.Հաուֆի «Փոքրիկ Մուքը» (Աբովյանի տիկնիկային թատրոն), Հ. Թումանյանի «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) եւ Գ. Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Աբովյանի թատրոն) ներկայացումները: Նկատելի է, որ փառատոնի կազմակերպիչները չեն մոռացել փոքրիկներին, երեխաների համար կար մանկական հետաքրքիր ներկայացումներ:
Իմիջիայլոց, Աբովյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Աշոտ Չթչյանի եւ տնօրեն Արմեն Կարապետյանի աշխատասիրության շնորհիվ փոխվել է շենքի ներքին տեսքը, թատրոնն էլ ստացել է «Աբովյանի քաղաքապետարանի թատրոն» կարգավիճակ:
Փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը (փակումը տեղի ունեցավ «Եզոպոս» ներկայացումից հետո) Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ «Ոսկե մեդալ» հանձնեց քաղաքապետ Վ.Գեւորգյանին` փառատոնի հաջող ավարտի, ջերմ ընդունելության եւ թատերական փառատոնն ավանդական դարձնելու համար:

Հավելենք, որ թատերաշրջանը հարուստ ծրագրերով է սկսել ՀԹԳ միությունը, որի գործունեության զգալի մասն ուղղված կլինի մարզերին: Տարբեր թատերախմբեր ելույթներ կունենան սահմանամերձ գյուղերի բնակչության, դպրոցներում` երեխաների, ինչպես նաեւ զորամասերում` զինվորների համար: Պլանավորված է անցկացնել ժողովրդական թատրոնների հանրապետական ստուգատես-փառատոն:

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031