ԱՆ փորձագետ Գոհար Սիմոնյանը քրեական նոր օրենսգրքում դատապարտյալների համար սահմանված պատժատեսակների հարցում մի շարք խստացումներ է առանձնացրել:
Նա հիշեցրեց, որ քրեական օրենսգրքի հայեցակարգը կառավարության կողմից հաստատվել է այս տարվա հունիսին, մշակվել է աշխատանքային խմբի կողմից ու թեեւ ամբողջությամբ պատրաստ է, չի հրապարակվում, որովհետեւ դեռ ամփոփման փուլում է գտնվում:
Նա շատ համառոտ ներկայացրեց, թե ինչպիսի փոփոխություններ են նախատեսված այլընտրանքային պատժատեսակներում եւ ասաց, որ նոր պատժատեսակներ էլ է նոր օրենսգիրքը առաջարկում. «Ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի, որտեղ տուգանք պատժատեսակը հանդիսանում է որպես հիմնական պատժատեսակ, օրենսդրական նախագծում այն եւ հիմնական եւ լրացուցիչ պատժատեսակ է համարվում: Ի տարբերություն գործող օրենսգրքի, որի համաձայն տուգանքը ֆիքսված գումարի ձեւով է գանձվում, նախագծում այն գումարի չափը պայմանավորված է անձի ամսական եկամուտով: Որպես հիմնական պատժատեսակ հնգապատիկից հիսունապատիկի չափով, որպես լրացուցիչ պատժատեսակ՝ կրկնապատկից քսանապատիկի չափով: Այն դեպքերում, երբ դատարանը չի կարողանա պարզել անձի ամսական եկամուտը, դատարանը հաշվի կառնի ամսական նվազագույն աշխատավարձը»:
Գոհար Սիմոնյանը նաեւ ասաց, որ վճարված տուգանքների հիսուն տոկոսը գնալու է հանցագործություններից տուժած անձանց պատճառված վնասի փոխհատուցման պետական ֆոնդ, այս ֆոնդից փոխհատուցելու են հանցագործությունից տուժած այն անձանց վնասը, որոնց հարցը քրեական գործի ընթացքում չի հարթվում, օրինակ, այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձը չունի դրամական միջոցներ:
Կարդացեք նաև
Փորձագետը նկատեց նաեւ, որ նոր օրենսգրքով կպատժվեն տուգանքից խուսափող հանցագործություն կատարած անձինք. «եթե անձը ոչ թե նյութական միջոցների բացակայության պատճառով, այլ չարամտորեն խուսափի տուգանքի վճարումից, քրեական պատասխանատվության կենթարկվի օրենքով սահմանված կարգով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ