Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հայտարարությունը

Հոկտեմբեր 14,2015 18:22

Հաշվի առնելով  բազմաքանակ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները, որ հետևել են լրագրող Փայլակ Ֆահրադյանի կողմից կատարված գրառմանը, ստիպված ենք պարզաբանել իրավիճակը:

ՀՀ փաստաբանների պալատում արդեն տևական ժամանակ է, ինչ տիրում է անառողջ մթնոլորտ, որը վերափոխելու բոլոր ջանքերը, որ իրականացվում են պալատի ներքին հարթակներում ոչ միայն անօգուտ եղան, այլ, ցավոք, ավելի խորացրեցին բացասական երևույթները:

Իրավիճակի հիմքը մեկն է` պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ոչ միայն չի հանդուրժում որևէ քննադատություն, այլ իր կարծիքից ու դիրքորոշումից տարբերվող ցանկացած կարծիք ու դիրքորոշում դիտարկում է անձնական թշնամանքի դաշտում: Կանգ առնենք այն հիմնական հարցերի վրա, որոնց վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունները հանգեցրել են նման հակազդեցության:

Պալատի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ա.Զոհրաբյանն ի թիվս այլ հարցերի ձեռնամուխ եղավ պալատի աշխատակազմի քանակի շեշտակի ավելացմանը` տարատեսակ պաշտոններ ու հաստիքներ ձևավորելով: Համարելով, որ ներկայացված նոր հաստիքացուցակն արհեստականորեն ուռճացված է, որպես խորհրդի անդամներ դեմ ենք քվեարկել դրա հաստատմանը: Ապա` պալատի նախագահի կողմից Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնելուց հետո մշտապես արտահայտվել ենք այն թեզի օգտին, որ պալատի խորհրդի անդամներին պետք է օրենքով արգելել միաժամանակ այլ պաշտոններ զբաղեցնել պալատի աշխատակազմում,  փաստաբանական դպրոցում ու Հանրային պաշտպանի գրասենյակում:

Նման առաջարկը հասունացել էր գործնականում, քանի որ ներկա պահին խորհրդի 12 անդամներից (չհաշված նախագահին)  հինգը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պալատի այն ստորաբաժանումներում, ում վերահսկելուն է նաև կոչված խորհուրդը: Արդյունքում պալատում բոլորովին խեղվել են հակակշռման, զսպման մեխանիզմները, իսկ պալատի խորհուրդը վեր է ածվել հիմնականում ձևական, դակող մարմնի: Նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանգամանքներ (որոնց մասին ներկա պահին չենք արտահայտվում), պալատի նախագահի կողմից ընդունվեցին թշնամաբար:

Բանը հասավ նրան, որ Արա Զոհրաբյանն ուղիղ հայտարարեց, որ մեր կարծիքն ու դիրքորոշումը համարում է իր անձի դեմ ուղղված, և տեսնելով, որ անդրդվելի ենք` խոստացավ, որ իր ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացնելու է մեր դեմ պայքարում: Խոսակցությունից կարճ ժամանակ անց《ծրագրերի փոփոխման》պատճառաբանությամբ Երվանդ Վարոսյանին դադարեցին հրավիրել փաստաբանական դպրոց, ուր դասավանդում էր հիմնադրման օրվանից (Լուսինե Սահակյանի հետ համագործակցությունը դադարեցվել էր ավելի շուտ), ֆեյսբուքյան տարբեր խմբերում գրանցված կեղծ օգտատերեր սկսեցին ակնհայտ պատվիրված հարձակումներ գործել մեր դեմ, տարատեսակ կայքերում մեր գործունեության վերաբերյալ սկսեցին հայտնվել ակնհայտ պատվիրված, իրականության հետ որևէ կապ չունեցող նյութեր, պալատի աշխատակիցներից Վիլսոն Մարտիրոսյանի , ապա նաև մի հանրային պաշտպանի դիմումների հիման վրա պալատի նախագահի կողմից Երվանդ Վարոսյանի նկատմամբ հարուցվեցին զույգ կարգապահական վարույթներ, որոնցից մեկն օրեր առաջ ավարտվեց ակնհայտ նախապես գծված սցենարով իրականացված խայտառակ 《գիշերային դատավարությամբ》(ընդ որում նիստին ներկա խորհրդի 7 անդամների շարքում հինգը հենց  տարատեսակ պաշտոններ միաժամանակ զբաղեցնողներն էին):

Անկեղծ լինենք` միշտ զգացել ենք, թե《քամին որտեղից է փչում》, սակայն մինչև վերջ չենք ցանկացել հավատալ, որ փաստաբանության շահերը սպասարկելու, փաստաբանության հեղինակությունը բարձր պահելու, փաստաբաններին պաշտպանելու համար ձևավորված պաշտոնը զբաղեցնող անձը կարող է իջնել փաստաբանի դեմ ստահոդ նյութ տարածողի մակարդակի: Ինչևէ, ցավում ենք, շատ ենք ցավում, որ հայտնվել ենք նման վիճակում, երբ միասնության ու համերաշխության մասին ամպագոռգոռ բղավոցներն արդեն քմծիծաղ են առաջացնում:

Անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի հայտարարությանն ու հրապարակային ներողությանը, կարող ենք փաստել, որ խիստ զարմացած ենք, որ նա է կապ ունեցել նյութերի տարածման հետ: Միաժամանակ, սակայն, հարկ  է փաստել, որ անձի կողմից սեփական սխալն ընդունելն ու հրապարակային ներողություն խնդրելը գնահատելի և գովելի է:

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031