Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվել է 505 հետազոտություն, 16 վիրահատություն

Հոկտեմբեր 14,2015 18:15

Հայաստանի Հանրապետության Նախագահի և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Ֆրեզնոյից ժամանած «Բժշկական առաքելություն-Հայաստան» խմբի կազմը գոհունակություն է հայտնում Հայաստանում անցկացրած աշխատանքից: Այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս, հյուպատոսական թիմի ղեկավար Պերճ Ապգարյանը:

ԱՄՆ-ից ժամանած հայ և այլ ազգեր ներկայացնող մասնագետներն իրականացրել են 505 հետազոտություն, 16 վիրահատություն, բազմաթիվ բուժական միջամտություններ, այդ թվում` ստոմատոլոգիական ծառայություն` 90, մանկաբուժական ծառայություն` 26, առաջնային բուժզննում` 87, բաժանմունքային բուժզննում` 302։

Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կարճ ժամանակում մարզային և Երևանի մի շարք հիվանդանոցներում շատ կարևոր աշխատանք են կատարել։ «Շատ կարևոր է, որ հիվանդների զննումներն  իրականացվել են մեր մասնագետների հետ համատեղ։ Իրականացվել են նաև համատեղ վիրահատություններ»։

«Հենց առաջին րոպեից մեզ շատ հարազատ ընդունեցին թե՛ ՀՀ առողջապահության նախարարը, թե՛ աշխատակազմը, և մենք շնորհակալ ենք այդ ջերմ ընդունելության համար»,- ասաց Պերճ Ապգարյանը: Նա ընդգծեց, որ մասնագետների այցելությունն առավել նպաստեց համագործակցության շրջանակների ընդլայնմանը, փորձի փոխանակմանը:

Պատասխանելով ցորենի ալյուրի հարստացման արդյունավետությանը վերաբերող հարցին` Ֆրեզնոյի համայնքային հիվանդանոցի բժիշկների նախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Ջեֆրի Թոմասը նշեց, որ նման ծրագրերն արդյունավետորեն իրականացվում են նաև ԱՄՆ-ում, վիտամիններով և միկրոտարրերով հարստացվում են ինչպես ալյուրը, այնպես էլ` կաթը, ջուրը, այլ սննդատեսակներ: «Ալյուրի հարստացումն, անկասկած, դրական միջոցառում է, որը մեծ արդյունք  կտա»- ընդգծեց մասնագետը:

Պերճ Ապգարյանը խոսեց նաև հայաստանյան մասնագետների մասնագիտական կարողությունների մասին: «Այս մասին մանկաբույժ Կարինե Լեփեջյանն արտահայտվեց նաև առավոտյան, նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ: Իսկապես, կարող ենք շնորհավորել, որ Հայաստանի մարզերի մանկաբույժները հրաշալի գործ են կատարում։ Ոչ միայն լավ պատրաստված մասնագետներ են, այլև քիչ հնարավորություններով` հոգով և սրտով լավ բուժում և խնամք են իրականացնում»,- ընդգծեց նա: Պատվավոր հյուպատոսը ողջունելի համարեց և բարձր գնահատեց ՀՀ առողջապահության նախարարության` առողջության պահպանման առաջնային օղակի դերն ընդգծելու, հիվանդությունները կանխարգելելու քաղաքականությունը` շեշտելով, որ առողջապահական համակարգում հիվանդաբուժության հետ մեկտեղ իր կարևոր տեղն ունեն նաև հանրային առողջապահական ծրագրերը: Լրագրողներին իր տպավորությունները ներկայացրեց նաև«Կայզեր» հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժնի ղեկավար Կարապետ Խաչիկյանը: Նախքան ԱՄՆ մեկնելը նա 1990 թվականին ավարտել է ԵՊԲՀ –ն և ծանոթ է մեր երկրի առողջապահական խնդիրներին: «Շփվեցի Հայաստանի բժիշկների հետ, և գիտելիքներով նրանք ոչ մի բանով չեն զիջում»,-ընդգծեց մասնագետը: Պատվիրակության անդամները վստահեցրին, որ առաջիկայում ևս կիրականացվեն համատեղ ծրագրեր, փոխայցեր` ի նպաստ հայ ժողովրդի առողջության պահպանման:

«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ առողջապահության նախարարի հեռատեսությունը, նրա պատկերացումները և մեծ ջանքերը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ և պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու»,-ասաց Պերճ Ապգարյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031