Ահագին երկար ժամանակ մեզ պետք էր հաղթանակով ավարտված պատերազմ:
Անպայման ավարտված ու անպայման հաղթանակով:
Եվ ինչպես շատ անգամ, լավ էինք սկսել 88-ին, հետո դժվարացավ, հոգնեցինք, դրսից խառնվեցին ու հաղթանակած պատերազմը մնաց անավարտ…
Երկիր պահելուց հոգնեցինք, ու … երկիր գռփողները դարձան երկրապահ:
Ազատությունից հոգնեցինք, ու … ստրուկները դարձան անկախության ճառասացներ, ինքնիշխան պետության տերեր…
Դարձ ի շրջանս յուր …
Մնաց մի քիչ ժողովուրդ, եռաբլուրում թաղված պատերազմը հաղթողներ… բայց դա էլ դեռ վերջը չէր…
Պետք էր հաղթանակը ատել…, այսինքն` ատել սեփական արժանապատվությունը, հզորությունը, ազատությունը… ատել պատերազմը…
Ու ինչ-որ պահից այս պատերազմը արդեն մերը չէր, արցախյան այս պատերազմը` ամենահաջողը չգիտեմ երբվանից, մնաց անտեր-անտերունչ…
Որովհետև մենք մտածեցինք, որոշեցինք, որ այդ պատերազմի պատասխանատվությունը չենք ստանձնում՝ չենք կռվելու երկրի, հողի, ընտանիքի, արժեքների համար…
Մեկս ազատում է բանակից երեխային՝ սարքելով «հաշմանդամ», մյուսը տեղավորում է ապահով երևանամերձ մի զորամասում, մյուսն էնպես, որ գոնե դիրք չտանեն, իսկ ավելի շատերը տանում են իրենց տղաներին արտերկիր, որ ընդհանրապես հայրենիքին ծառայելու էդ դժվար ու անշնորհակալ գործից ազատեն:
Վատը երևի այն է, ամենավատը, որ էդ գործընթացին մասնակցում է նաև երեխան՝ հայ պատանին, ով ընդհակառակը, պետք է նախանձախնդիր լիներ իր պարտքը կատարելու հարցում դեռևս չաղտոտված, պարմանական իր ավյունով ու անպաճույճ, բնական սիրով ի երկիր, մայր, ընտանիք, սիրած աղջիկ: Քանզի զինվոր դառնում են այս արժեքները պաշտպանելու ներքին, չգիտակցված մղումով:
Բայց … էդ պատանին կեղտոտվում է բանակից ազատվելու նպատակով այս գործընթացին իր անմիջական, իմացական մասնակցությամբ ու դեռ էստեղ- էնտեղ գլուխ գովում թե՝ հերս մարդ ճարեց, ահագին թվով ազատեցին, դուրս գրեցին, տեղավորեցին և այլն:
Գնացած-մնացածներն էլ հեռվից են հեգնում, թե էդ Հայաստանում ինչ կա որ մնացել եք, հեսա բանակի վախտն էլ կգա, կգնա մի փամփուշտ կստանա, կհանգստանաք:
Բա էդպե՞ս են երեխա պահում:
Բա դրա՞ համար են պահում մեծացնում, որ գնա զոհվի, վիրավորի, ծեծ ուտի դառնա հաշմանդամ:
Ահա մեր երեք-հինգ հազարամյա պատմության ու պետականության մտքի արգասիքը՝ արմենների ու հայասա ազգի, էլ չեմ ասում հեթահայերի ազգային պետական գաղափարախոսությունն էլ դեռ չհաշված…
Այսինքն միտքը սպառողական, չզոհաբերող, չնվիրաբերող
Այսինքն անծրագիր, աննպատակ, անգաղափար…
Այսինքն յոլա գնացող, իր մի կտոր հացով ու մի գիշերակացով բավարար ու պարփակ…
Ու դրա համար այս պատերազմը մերը չէ՝ ինչ-որ հեռավոր Տաուշում է, դրա հեռավոր գյուղերում, ուր զարմանալի համառ ու կյանքը չհասկացող մարդիկ են, ովքեր անմռունչ շարունակում են ապրել՝ զոհվելով բերքահավաքին, զոհեր տալով թիկունքը՝ իմա մեզ, պաշտպանելիս, ու թշնամուն իրենց այդ հաստատակամությամբ ընկճող, չարացնող, անզորացնող…
Բայց մեր համար Տաուշը Դուբայից ու Մոսկվայից էլ հեռու է, անդին, քանզի…
… Դուբայում ու Մոսկվայում՝ տաք, թե ցուրտ օրերին, պատասխանատվության խնդիր չկա:
Քո համար ապրում ես, ուտում, խմում, մի խոսքով միակ կյանքդ վայելում…
Ու դրա համար Հյուսիսային պողոտայով վարուվեր անող զանգվածի համար այս պատերազմը միֆ է, ցնորք, որ ոչ մի կերպ չի տեղավորվում առօրյա կայֆերի հոգսով տառապող պապաների բալեքի արդեն անճկուն ուղեղագալարներում:
Ու սահմանին կռիվ տվող, զոհվող զինվորը նույն այդ պողոտայով կամ Օպերայով տղատեսի ելած գլամուրային տիկնիկների հերոսն էլ չէ: Նրանց իդեալը յաշիկ քշողն է, վերջին մոդայի մեջ թաղված սուտի գողականն է, ով հայրենիք չունի:
Դրա համար էլ 2 թե 3 մլն քաղաքացուց պատերազմը մի քանի տասնյակ հազար մարդկանց դռներն է թակում, ովքեր լուռումունջ ընդունում են նրան և արժանապատվորեն ճանապարհում:
Բայց դա պատերազմ հաղթելու համար բավարար չէ…
Երկիրը տեր ունի հողի վրա ապրող, հողը մշակող ու նրա համար կռիվ տվող մարդ-քաղաքացիով:
Բայց հողը դատարկվում է, անապատանում, հողի վրայի մարդը թքում-հեռանում է թևաթափ ու իր այդ հուսահատության մեջ պարտված:
Ու թե երկրի ու հողի համար պատերազմը մեր չէ, ուրեմն երկիրն ու հողը ինչո՞ւ պետք է մերը լինեն:
Ժամանակավոր գուցե, իներցիայով՝ երևի, այնքան ինչքան պետք է մի քիչ թափ հավաքելու ու թռնելու համար… բայց դա բավարար չէ… որովհետև էս երկրի համար աշխատող չկա, ամեն մեկն իր համար մի բան կկպցնի, բայց ոչ երկրի համար աշխատել՝ հո հիմար չեն? Չարչարվեն,տանջվեն, որ մի 20-30 տարուց նորմալ պետություն դառնա, երեխաները մարդավարի ապրեն, չէ մի:
«Մեկ է չի ստացվի, մեկ է ռսի ոտի տակ ենք»: Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա:
Ու դրա համար էս երկրի ապագան մերը չէ, մեր տեսողության ուղեծրում չէ, մեր բիբերի մեջ դրա պատկերը չկա…
Դրա համար էլ մեր համար այս երկիրը ապագա չունի:
Հա ծանր բան է ասածս, բա էլ ոնց ձևակերպվի…
Երբ էս երկիրը մանրամասնորեն սիրելու փոխարեն, մզում ենք, նրա արյունն ու ավյունը քամում մինչև վերջ, ծախում անծախելին, ոչնչացնում մարմրացող պատիվը ու բոշի բազարում փոշիացնում, էլ ինչպե՞ս սա ձևակերպվի:
Շատ հանգիստ էլ ձևակերպած ասում ենք էս երկրի վրայի պատերազմը կրող մարդուն՝ արա հո դու քյա՞լ չես: Էս երկիրը ապագա չունի, փասափուսեդ հավաքի ու գնա՝ Կրասնոյարսկ, Սիբիր, թե թափդ հերիքի Գլենդել, մի կտոր հաց ու երշիկ կա, կարող ա բախտ բերի, ինչ էս լռվել մնացել…
Իսկ չհասկացողները թող մնան, մի քանի հոգի դեռ պետք են ձևականությունները մինչև վերջ հասցնելու համար …
Հաղթանակած պատերազմի պարտության պայմանագրի ստորագրման արարողությանը ծափահարողներ կամ վշտահար լացողներ միշտ էլ պետք կգան…
Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ո՞ւմ էր ուղղված այս ամբողջը: Կարծես թե ՀՀ վարչական ողջ ապարատը լծված է երկրի բարօրության, շենացման գործին, իսկ մնացածները ճար են փնտրում գլուխ պահելու: Ծուռ ակոսը մեծ եզից է լինում: Ողջ ատելությունը, փախչելու մոլուցքը վերեւների վարած քաղաքականությունից է գալիս: Պատկերացնենք, որ Ձեր ասած այդ պատանիները ծառայեցին ու հետո նոր արտագաղթեցին: Որեւէ մեկը ցավ ապրո՞ւմ է արտագաղթից: Եթե այո, դա ինչպե՞ս է արտահայտվում: Այդ Ձեր հիշատակած սահման պահողներն ու ծառայողները այլընտրանք չունեն հիմնականում: Թե չէ նրանք էլ չէին լինի: Ես ինքս մասնակցել եմ այս պատերազմին ու ցավոք, իմաստը չեմ տեսնում իմ մասնակցության: Էլի կծառայեի, բայց ո՞ւմ է դա պետք: Ո՞վ է հասցեատերը: Հասցեատեր չկա: Իսկ դա գալիս է նրանից, որ, այո՛ ու մի՛շտ` ծուռ ակոսը մեծ եզից է լինում:
Ես չեմ հասկանում այս հոդվածի օգուտը:
Եթե մի հայ մտավորական գրիչ է վերցնում, առաջին հերթին պիտի մտածի իր խոսքի բերած օգուտի մասին: