Օրերս «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Դիալոգ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ Aravot.am-ը որոշ հարցեր հղեց ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնի գործադիր տնօրեն Փոլ Սոնդերսին: Մեր հարցին՝ Ադրբեջանը օրեցօր ավելի ակտիվ է դառնում սահմանին՝ շարունակ խախտելով հրադադարը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն այն աստիճան մեծանա, որ վերածվի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, պարոն Սոնդերսը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ այդ հարցի փորձագետը չէ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հարցին պատասխանելուց ևս պարոն Սոնդերսը խուսափեց: Անդրադարձ կատարեցին նաև ՌԴ-ԱՄՆ հարաբերություների վերջին շրջանի զարգացումներին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ վերջին խոսակցությունից հետո հայտարարել էր, թե «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն այժմ ցածր մակարդակի վրա են, սակայն ոչ Մոսկվայի մեղքով: Դա ԱՄՆ-ի մեղքն է» ու շեշտել, թե «Մենք միշտ պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները եւ ամբողջությամբ վերականգնել դրանք»:
Մեր այս հիշեցմանն ի պատասխան ամերիկացի փաստաբանը շտապեց պաշտպանել ամերիկյան կողմին՝ նշելով, թե ընդհանրապես միջազգային հարաբերություններում հազվադեպ է պատահում, որ միայն մի կողմն է մեղավոր լինում ու հավելեց. «Չեմ կարծում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում եղած խնդիրների պատասխանատվությունն ընկնում է մեկ պետության վրա»:
Պարոն Սոնդերսը վստահեցրեց. «ԱՄՆ-ն առաջիկայում չի փոխի վերաբերմունքը ՌԴ ներկայիս ղեկավարության նկատմամբ»:
Կարդացեք նաև
Փոլ Սոնդերսն անկեղծացավ, թե ԱՄՆ-ում չեն հասկանում՝ ինչու է Մոսկվան իրացնում իր շահերն այնպես, ինչպես ներկայումս:
Դառնալով Ամերիկա-Ռուսաստան օրեցօր աճող առճակատմանը՝ Մերձավոր Արևելքում՝ ամերիկացի փորձագետը նշեց, որ Բարաք Օբամայի ղեկավարության ներքո ԱՄՆ-ն փորձում է անել հնարավորը կայունության ապահովման համար ու շեշտեց, թե ՌԴ-ն՝ ի դեմս Պուտինի, ևս ունի նման հետաքրքրություն, բայց կայունության ներքո հասկանում է այլ բան, կենտրոնանում է հիմնականում ուժեղ երկրների վրա, որոնք կարող են ճնշել ծայրահեղականությունը, չի կենտրոնանում ժողովրդավարական երկրի մոդելի վրա: Ամփոփելով պարոն Սոնդերսը նշեց. «Մոսկվան ևս ցանկանում է ցույց տալ, որ գլոբալ ուժ է՝ Մերձավոր Արևելքում և Սիրիայում իր դերը հաստատելով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ