Այս օրերին Հայաստանում է գտնվում թուրք գրող Քեմալ Յալչընը: Առիթը նրա «Հոգիս քեզմով կը խայտայ» գրքի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումն է, որն առաջին անգամ բեմադրվել է 2015 թվականի հունիսին Նյու Յորքում:
Հայաստանյան հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ունի այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի, հոկտեմբերի 15-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի, հոկտեմբերի 17-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոններում: Հիշյալ բոլոր թատրոններում ներկայացման սկիզբը նախատեսված է ժամը 19:00-ին:
Առաջին անգամ Հայաստան ժամանած թուրք գրող Քեմալ Յալչընն իր հայրենիքում տարիներ շարունակ հալածվել ու հետապնդվել է հակաիշխանական կեցվածքի պատճառով: 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո թաքուն հեռանում է Թուրքիայից, որպեսզի բանտ չընկնի և ապաստան է գտնում Գերմանիայում: Միայն 15 տարի անց է վերադառնում Թուրքիա, որպեսզի իր պոլսահայ ուսուցչուհու պատգամը կատարի:
«Մի քանի մանկավարժներով Գերմանիայում վերապատրաստման դասընթացների էինք մասնակցում: Մեր ուսուցչուհին՝ տիկին Մելինեն, մեզ տարբեր երկրների ու ազգերի մասին էր պատմում, բայց Հայաստանի ու հայերի մասին չէր խոսում: Ես շատ զարմացա, երբ կուրսերն ավարտելուց հետո իմացա, որ նա հայ է: Հարցրի, թե ինչու իր ժողովրդի մասին չի պատմում, ասաց՝ մեր ցավը պատմելի չէ, ի՞նչ պատմեմ: Ասացի տիկին Մելինեին, որ ուզում եմ գրել հայության մասին: Նա ինձ պատգամեց գնալ Արևմտյան Հայաստան, գտնել ու խոսել ծպտյալ, կրոնափոխ հայերի, Ցեղասպանությունը վերապրածների հետ, դրանից հետո նոր միայն գալ իր հետ խոսելու: Ես այդպես էլ արեցի: Շատ զարմացա՝ պարզելով, որ այն վայրը, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, Հայաստանն է, և ես այդ մասին իմանում եմ միայն հիսուն տարեկանում: Մինչ այդ, մեզ ասել էին՝ սա ձեր երկիրն է»:
Կարդացեք նաև
Այնուհետև Յալչընն սկսում է Ցեղասպանությանը նվիրված գրքեր գրել: «Հոգիս քեզմով կը խայտայ» գիրքը դառնում է նրա առաջին աշխատանքը: Դրանից հետո ևս 24 գիրք է հրատարակել, որոնց կեսից ավելին նվիրված է հայերին ու Հայոց ցեղասպանությանը:
«Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ եղա նաև Ծիծեռնակաբերդում: Շատ հուզված եմ, ցնցված: Ձեր ցավը համարում եմ իմը»,- ասաց գրողը՝ նկատելով, որ թեև հինգ հազարից ավելի էջ է հեղինակել Հայոց ցեղասպանությանն ու հայ ժողովրդի տառապանքներին նվիրված, բայց համոզված է, որ իր արածները մեր ցավի համեմատ ոչինչ են. «Անելիք շատ կա, պարզապես, ես այդքանն եմ հասցրել անել»:
Նա համարում է, որ ցեղասպանությունն այժմ էլ է շարունակվում, քանի որ թուրքական իշխանությունները ժխտում են եղելությունը. «Որպեսզի դադարի ցեղասպանությունը, պետք է առերեսվել պատմությանն ու ընդունել եղածը: Հակառակ դեպքում երբեք խաղաղություն չի լինի: Ցավոք, տասնամյակներ շարունակ Թուրքիայում եղած բոլոր իշխանությունները նույն երգն են երգել՝ սուտ, կեղծիք, մերժողականություն: Էրդողանը տասը տարի առաջ բոլորովին այլ կեցվածքով մտավ քաղաքական դաշտ, ասաց՝ մենք այս հարցը պիտի լուծենք, պետք է վերջ դրվի հայկական հարցի վերաբերյալ քննարկումներին, սակայն նա էլ խաբեց բոլորիս և մինչև հիմա մերժում է այդ իրողությունը»,- ասաց Քեմալ Յալչընը՝ ընդգծելով, որ թուրքական իշխանությունները չեն փոխվում. «Երանի ես լինեի Թուրքիայի վարչապետը, այդ հարցն անմիջապես կլուծեի: Պարզ է, որ պաշտոնական առումով ես ոչինչ չեմ կարող անել, բայց իբրև մտավորական՝ ես պարտավոր եմ գրիչս զենք դարձնել: Իմ գրքերը, ո՞վ կմտածեր, տասը լեզուներով թարգմանվել են»:
Ի դեպ, երբ «Հոգիս քեզմով կը խայտայ» գրքի թուրքերեն տարբերակն առաջին անգամ հրատարակվեց Թուրքիայում, հենց տպարանում էլ թուրքական իշխանությունները ոչնչացնել տվեցին ողջ երեք հազար օրինակը: Դրանից հետո հեղինակը դատի տվեց նրանց, շահեց դատը, և գիրքը տպագրվեց ու վաճառվեց բոլոր գրախանութներում: Այդ ամենը հեղինակից վեց տարի խլեց, բայց, ինչպես ասում են, կարևորն արդյունքն է:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Յալչընը համոզված է, որ այն պետք է ուղեկցվի հողերի վերադարձման, ինչպես նաև փոխհատուցման ու մշակութային արժեքների վերականգնման պայմանով. «Այնպես պիտի լուծվի հարցը, որ հայ ժողովուրդն այլևս դժգոհության առիթ չունենա»,- ասաց թուրք գրողը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ