Հայաստանի տնտեսական աճն, ամենայն հավանականությամբ, 1-3% կլինի: Այսօր այսպիսի կանխատեսում է արել Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ հրավիրած ասուլիսին:
Նշենք, որ դեռ մայիս ամսին ՎԶԵԲ-ը ՀՀ-ի համար 1,5% տնտեսական անկում էր կանխատեսել, ու փաստորեն հիմա այդ թվերը վերանայում է:
Մարկ Դեւիսի խոսքերով՝ «Տարին հետաքրքիր էր, որը լի էր տարածաշրջանային սթրեսներով, որոնք ազդում են նաեւ Հայաստանի վրա: Տրանսֆերնտները Ռուսաստանից նվազել են մինչեւ համախառն ներքին արդյունքի 14%-ի, որն ազդում է գնողունակության վրա։ Փոխարժեքի ճնշումներ կային, արժեզրկում եղավ փետրվարին, բավական խիստ դրամավարկային քաղաքականություն ձեւավորվեց, որի հետեւանքով դանդաղեց վարկավորումը։ Դա բացասական կազդի ներդրումների վրա։ ՎԶԵԲ-ն այդ ամենի արդյունքում տարեկան աճի վերաբերյալ ամենից բացասական գնահատականը տվեց՝ 1,5% անկում, բայց հետո թվերն ավելի լավը եղան եւ հետաքրքիր էր, թե ինչ տեղի ունեցավ։ Գյուղատնտեսության աճը շատ մեծ էր, բայց դա արձանագրվեց նախորդ տարվա ցածր բազայի համեմատ: Երկրորդ դրականն այն է, որ գործարկվեց եւս մեկ պղնձի հանք, որը միանգամյա, բայց աճ ապահովեց։ Լավ լուրեր կային։ Հետաքրքիր էր, որ ներմուծումը նվազեց 27 %-ով, սակայն իրական արտահայտությամբ մասնավոր սպառումն իջել է միայն 1,8%-ով»:
Մարկ Դեւեիսն ասաց, որ տնտեսական տարին բավականին բարդ է, բայց պետք չէ հոռետեսորեն վերաբերվել։
Կարդացեք նաև
Պարոն Դեւիսը նաեւ նկատեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացել, բայց կարեւորն այն է, թե որքան արագ կլուծվեն տարանցիկ ապրանքաշրջանառության հարցերը. «Մի տեսակ հստակ չէ՝ Հայաստանը ԵՏՄ-ի ներսո՞ւմ է, թե՝ դրսում, ո՞նց է հարկվելու տրանզիտը։ Ես, օրինակ լավատեսորեն եմ նայում Հայաստան-Իրան տրանզիտի մեծացման հարցին»։
Տարօրինակ չէ՞, որ Ռուսաստանի տնտեսության համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է 4% անկում, իսկ Հայաստանի համար 1-3% աճ, այն դեպքում, երբ ՀՀ տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից. Լրագրողների այս հարցին պարոն Դեւիսն ասաց. «Ամսվա վերջին մեր պաշտոնական գնահատականը կհրապարակվի: Մյուս կողմից բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանի համար կանխատեսումներն այդպիսին են՝ 3-4% անկման սահմաններում: Ինչ վերաբերում է Հայաստանին, տարվա սկզբից կանխատեսումը կազմում էր 1,5% անկում, սակայն գյուղատնտեսության ոլորտը մեծ աճ արձանագրեց, նոր հանք շահագործվեց եւ կանխատեսումը բարելավվեց: Սպառողները տրանսֆերտներից ավելի քիչ փող ունեին, հետեւաբար ավելի քիչ ներկրված ապրանքներ գնեցին, ինչն իր հերթին տեղական արտադրության վրա չազդեց: Այսինքն սպառումը վերաուղղվել է դեպի ներքին արտադրանքի սպառում, որը լավ բան է»:
Հարցին՝ գուցե ՎԶԵԲ-ն իր կանխատեսումները հարմարեցնում է ՀՀ կառավարության կանխատեսումներին, որպեսզի շեղումը մեծ չլինի, հաշվի առնելով, որ Հայաստանում ներմուծումը նվազել է 30 %-ով, տրանսֆերտները նվազել են 30-40 %-ով, մի քանի անգամ նվազել են ներդրումները, ներքին առեւտրաշրջանառության անկում է գրանցվել, Մարկ Դեւիսն ասաց, որ այն հիմնարար զարգացումները, որոնք իրականում տեղի են ունենում, դիտարկել ուղղակի հնարավոր չէ, դրանց վերաբերյալ ցուցանիշները կան, որոնք ոչ կատարյալ փորձում են արտացոլել, թե ինչ է կատարվում. «Դրանք որոշակի ժամանակային ուշացումով են ի հայտ գալիս, որից հետո հրապարակվելով արձագանք են առաջացնում, որն էլի հեռացած է իրական պատճառներից: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր կանխատեսումը՝ օգտվելով նաեւ վիճակագրությունից: Բնականաբար տարվա կեսին արված կանխատեսումն ավելի ճշգրիտ է, քան տարվա սկզբին: Նվազել են տրանսֆերտները: Ըստ ամենայնի, մարդիկ տրանսֆերտներով ավելի քիչ փող են ստանում, բայց ըստ այդմ, ավելի քիչ ներկրված ապրանք են գնում, իսկ ներքին տնտեսությունը շարունակում է քիչ թե շատ նորմալ գործել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ