Ինչպես տեղեկացրել ենք, Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Մամուլի ազատություն. Ժողովրդավարության ապահովման համար նախապայմա՞ն» խորագրով գիտաժողովը:
Տարբեր երկրներից Ստրասբուրգ ժամանած փորձագետների, պաշտոնյաների, դատական համակարգի ներկայացուցիչների և լրագրողների ուշադրության կենտրոնում են մամուլի ազատությանը վերաբերող ներկայիս մարտահրավերները. ահաբեկչություն, իշխանությունների ճնշումներ, համացանցային մարտահրավերներ, ատելության խոսքի տարածում ու վիրավորանք:
Գիտաժողովին մասնակցում է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նրա հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ ԵԽ անդամ երկրների մեկ երրորդում ապահովված չեն համապատասխան պայմաններ մամուլի ազատության համար:
Aravot.am-ը գիտաժողովի առաջին օրվա ավարտին հարցազրույց ունեցավ պարոն Յագլանդի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պարոն Յագլանդի հետ նախ քննարկեցինք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ցույցերի լուսաբանման ժամանակ հայ լրագրողների դեմ բռնությունների խնդիրը, այնուհետև ԵԽԽՎ-ում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հարցը:
Կարդացեք նաև
Պարոն Յագլանդից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրեն չի՞ մտահոգում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց է պատրաստվում, սակայն զեկուցողը՝ անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերն անգամ չի այցելել Լեռնային Ղարաբաղ: Թորբյորն Յագլանդին այս հարցն առանձնապես դուր չեկավ, ուստի նա կարճ պատասխանեց. «Մենք Լեռնային Ղարաբաղի խնդրով որևէ դերակատարություն չունենք: Երկու կողմերը պետք է համաձայնության գան»:
Մեր այն դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը պատրաստվում է հենց ԵԽԽՎ-ում, պարոն Յագլանդը կրկին խուսափեց կոնկրետ պատասխան տալ՝ նշելով, թե ինքը ԵԽԽՎ-ն չի ներկայացնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ