Հիմնական խնդիրը մեր կրթական համակարգի կործանված վիճակն է թե’ դպրոցներում թե’ համալսարանում: Այսօր անդրադառնալով մեր երկրում տեխնոլոգիական կրթության ծրագրերին՝ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը «Էրեբունի պլազա» հյուրանոցում խոսեց Դիջի կոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթի մեկնարկից: Այս մրցույթի շրջանակներում մարզերի եւ մայրաքաղաքի հայ դպրոցականները համակարգչային խաղեր են ստեղծում, որի նպատակն, ըստ պարոն Վարդանյանի, դպրոցականների ալգորիթմային մտածողությունը զարգացնելն է:
Կարեն Վարդանյանն ասաց, որ մարզերում շատ տաղանդավոր երեխաներ կան, եւ նրանց մեջ մեծ ներուժ կա: Սրա վկայությունն այն է, որ մրցույթին մասնակից 50 երեխաներից միայն մեկն է Երեւանից եղել: Պարոն Վարդանյանի համոզմամբ, այս երեխաները մի քանի տարուց համալրելու են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա թափուր աշխատատեղերը: Այսօր այս ոլորտը 2500 մասնագետի կարիք ունի: «Սա երեխաներին ոգեւորող մրցույթ է: Երեխաներն արդեն կարողանում են այնպիսի բաներ անել, որ շատ համալսարան ավարտած մեծահասակներ չեն կարողանում անել, նրանք արդեն ամբողջական խաղեր են գրում»,-ասաց պարոն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե 2500 թափուր տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտահոսքի պատճառո՞վ է առաջացել, թե կրթական վատ ծրագրերի պատճառով է, որ չունենք լավ մասնագետներ:
Կարեն Վարդանյանն ասաց, որ մասնագետների արտահոսքն այլեւս խնդիր չէ այս ոլորտում եւ որ 2009 թվականից այս կողմ տարեցտարի նվազում են մասնագետների արտահոսքի ցուցանիշները. «Արտահոսքի վտանգը ոչ այնքան քանակական է, այլ` որակական: Եվ հիմնականում գնում են 8-10 տարվա փորձառություն ունեցող մասնագետները, որոնք հետագա ինժեներական աճ են ուզում ունենալ, սակայն այստեղ աճելու տեղ չունեն»:
Կարեն Վարդանյանը նաեւ ասաց, որ մի քանի տարուց մարզերի այդ երեխաներն արդեն կարող են պատվերներ ստանալ: Նրանք մրցունակ կլինեն Հնդկաստանի մասնագետների հետ եւ պատվերները ոչ թե այդ երկիր, այլ Հայաստան կարելի կլինի բերել, քանի որ մարզերում աշխատուժին վճարելն ավելի էժան է:
«Երեխաները կսովորեն «կլիենտի» հետ շփվել, կհմտանան անգլերենում եւ իրենց գործի մեջ»,-համոզված է Կարեն Վարդանյանը: Նա նաեւ ասաց, որ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու ծրագիր ունեն, որին վարչապետը երեք անգամ հավանություն է տվել, բայց, պարոն Վարդանյանի խոսքերով, ծրագրի իրականացման ճանապարհին ներքին օղակներում խոչընդոտների են հանդիպում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ