Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազի տեղակալի 600 տոննա խաղողի համար տեղ կա, փող կա, գյուղացիների համար՝ չկա»

Հոկտեմբեր 14,2015 15:54

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 70- ամյա Սուրիկ Հասրաթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 10 տոննա խաղողի բերք ունի, արդեն հավաքելու ժամանակն է, բայց չի պատրաստվում բերքահավաք անել: Հասրաթյանն ասաց՝ «բերքը թողնելու եմ՝ փչանա, չեմ հավաքելու՝ կոպեկներով դրանց հանձնեմ»:

Սուրիկ Հասրաթյանի ներկայացմամբ՝ 11 տոննա խաղողի բերք է հանձնել Պռոշյանի գործարանին, որի 1 կգ-ն գնել է ընդամենը 60 դրամով. «Կառավարությունը, գյուղնախարարը, վարչապետը, նախագահը՝ պետության տերը, ասում են՝ խաղողը կընդունենք 140-150 դրամով, էսօր գյուղացուն կանգնեցրել են պրոբլեմի առաջ՝ 40-60 դրամով են առնում: Մնացած բերքս չեմ հավաքելու, հավաքելու համար շատ փող ա պետք, ես հիմա փող ծախսեմ՝ հավաքեմ, տանեմ կոպեկներով հանձնեմ՝ ինքն էլ քեֆը երբ տա, էդ ժամանակ փողը տա: Ասի՝ մի տարուց կտամ, մի տարին էլ կանցնի, կասի՝ Ռուսաստանում վիճակը վատ ա, փող չկա: Ինչ ասես՝ անում են գյուղացու գլխին, սովի են մատնում գյուղացիներին, ամբողջ մարզը տառապում ա սրանց ձեռքը»:

Կառավարության այն պատճառաբանությունները, որ այս տարի բերքը շատ է, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ է, ուստի մթերողները խնդիրներ ունեն, Սուրիկ Հասրաթյանն այնքան էլ հիմնավոր չի համարում: Նա ասաց, որ կառավարությունը դեռ գարնանից գիտեր, որ բերքը 20-30 %-ով ավել է լինելու. «Ի՞նչ է արել էսքան ժամանակ, ուզում է 30%-ի հերն անիծի՞: Ես համոզված եմ, Էդ գործարանները ոչ էլ տարաների խնդիր ունեն, ոչ էլ՝ վաճառքի: Էդ ո՞նց է լինում, որ ասում են՝ 140 դրամանոց խաղողի համար տեղ չկա, բայց ասում են՝ 80 դրամովի համար տեղ կա, բեր բերքդ, հետո ասում են՝ 80 դրամովի համար էլ տեղ չկա, 60 դրամովի համար լիքը տեղ կա, բեր բերքդ: Էշի տեղ են դնում ժողովրդին: Մեր հաշվին գերշահույթներ են ուզում ստանան: Հիմա մի հատ թող բացատրեն՝ ո՞նց է լինում, որ մենք Պռոշյանի գործարանի մոտ հերթի մեջ կանգնած ենք, մեզ ասում են՝ տեղ չկա, բայց Վերին Արտաշատի գործարանի տերը՝ դատախազի տեղակալ է, 600 տոննա էլ խաղող ունի, «բեզ պրոմոխ» բերում է բերքը, մենք այնտեղ կանգնած լինենք-չլինենք, հենց բերում է բերքը՝ Պռոշյանի գործարանը վռազ դռները բացում ու ընդունում է դրա բերքը, ու ոչ քաղցրության աստիճանն է ստուգում, ոչ էլ թղթի վրա գինն է գրում, բա էդ ո՞նց է լինում:

Էդ 600 տոննա բերք ունեցող դատախազի տեղակալը (անունը հրաժարվեց նշել Ն. Բ.) հարյուրավոր հեկտարներով խաղողի այգիներ ունի, նա իմ հացն ինձանից կտրում է, ես հերթ եմ կանգնում՝ ինձանից չեն ընդունում բերքը, բայց իրանը ընդունում են»:

Aravot.am-ի այն հարցին՝ մարզպետին տեղյակ պահե՞լ են խնդրի մասին, Հասրաթյանն ասաց, որ երբ գործարանը հրաժարվեց 180 դրամով գնել խաղողը, գյուղացիները դիմեցին մարզպետին. «Սարքին 100 դրամ բերքը, մարզպետն եկավ՝ գործարանի դռները բացել տվեց, 2 օր հետո նորից փակեցին»:

70- ամյա այս գյուղացին նշեց, որ ընտանիքը մեծ է՝ 14 շունչ, ամբողջ ընտանիքը խաղողի բերքի հույսին է, բայց քանի որ հիմա որոշել է 11 տոննա բերքը չհավաքել, խնդրի առաջ են կանգնելու. «Ճարահատյալ չեմ հավաքելու բերքը, փող չունեմ, որ հավաքեմ, կամ ընտանիքս սովամահ է լինելու, կամ էլ մի բան կանենք մեզ, կարող ա մեկը բենզինով պաժառ տա իրան, ու էդ պատասխանատուները սաղ երկրով խայտառակ լինեն»:

Սուրիկ Հասրաթյանն ասաց, որ կառավարության անդամներն ամեն անգամ նշում են, որ տնտեսական աճը գյուղատնտեսությունն է ապահովում, բայց գյուղացին ոչ մի աճ չի զգում. «Գյուղացու հաշվին աճ են ապահովում, բա ինչի՞ գյուղացու գործերը լավ չեն»:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ մթերվող խաղողի 1 կիլոգրամի նվազագույն գինը 90 դրամ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031