Այսօր ԵՊՀ-ի 8–րդ մասնաշենքի դահլիճում մեկնարկեց հանրապետական երկօրյա գիտաժողովը` նվիրված լեզվաբան, գրականագետ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մանուկ Աբեղյանի 150 –ամյակին:
Գիտական միջոցառումը կազմակերպվել էր Մայր բուհի Հայոց լեզվի և հայոց պատմության ամբիոնների համատեղ ջանքերով: Ներկա էին ԵՊՀ-ի դասախոսական կազմը, ուսանողներ, ընթերցասերներ, լեզվաբաններ: Պատվավոր հյուրն էր Մ.Աբեղյանի թոռնուհին`Հասմիկ Աբեղյանը:
Գիտաժողովը սկսվեց Աբեղյանի կենսագրականով, ներկայացվեցին զեկույցներ, կարծիքներ, ելույթով հանդես եկավ նաև Հասմիկ Աբեղյանը:
Aravot.am-ի հետ զրույցում գրականագետի թոռնուհին`Հասմիկ Աբեղյանն ասաց. «Ես շատ բան չեմ կարող պատմել պապիկիս մասին: Շատ աղոտ եմ հիշում նրան: Փոքրիկ աղջնակ եմ եղել և հիշողությանս մեջ մնացել են նրանից անձնական հուշեր: Կարող եմ մի բան միայն ասել`Մանուկ Աբեղյանը սկզբունքի մարդ էր, աշխատանքի և գործի հսկա, սերունդների դաստիարակիչ: Նրա ներդրումը հայոց լեզվի, քերականության զարգացման, ինչպես նաև բուհական կրթության մեջ անգնահատելի և չափից ավելի արժեքավոր է: Աբեղյանն այն անհատներից մեկն էր, ով գտավ ելք` այս կերպ օգնել իր ազգին: Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ Աբեղյանն ինձ համար ոչ միայն պապ էր ,այլև իմ առաջին ուսուցիչը: Ես հետագայում եմ գիտակցել նրա գիտական արժեքը: Մանկությանս տարիներին անգամ չէի էլ ենթադրում, որ պապիկս հանճարեղ մտավորական է: Ես հպարտ եմ, որ կրում եմ Աբեղյանի թոռնուհին լինելու բարձր պատիվը»:
Կարդացեք նաև
ԵՊՀ-ի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոկտոր,պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն էլ ասաց, որ հոբելյանական նմանատիպ միջոցառումները առիթ են, որպեսզի ժամանակ առ ժամանակ հիշենք մեր հանճարներին: «Մանուկ Աբեղյանն այն անհատականություններից է, որն արժանի է մեծարման, որովհետև նա մեր գրական արևելահայ ուսմունքը բարձրացրեց գիտական աստիճանի: Նա այն մեծերից էր, ով հայագիտության դպրոց ստեղծեց, և ինչու ոչ, պետական համալսարանի հիմնադիրներից մեկը դարձավ: Աբեղյանը ապրեց զուսպ,իր գործը կարևորելով ամեն ինչից, ստացավ այն, ինչ ունենք մենք, և ինչով էլ այսօր հպարտանում ենք»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ