Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական աջակցության մերժում, խտրականություն. հեպատիտ C-ով հիվանդների կյանքը վտանգված է Հայաստանում

Հոկտեմբեր 14,2015 15:30

Տարբեր պատճառներով հեպատիտ C-ով վարակված հիվանդները ոչ մի հնարավորություն չունեն Հայաստանում բուժօգնություն ստանալ պետպատվերի շրջանակում, մինչդեռ, մասնագետները փաստում են, որ մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Անվճարունակ հիվանդների կյանքն ուղղակիորեն վտանգված է և նրանց մնում է ապավինել հրաշքի, որ հիվանդությունը չի հանգեցնի լյարդի ցերոզի կամ քաղցկեղի:

42-ամյա Սերոբը Հեպատիտ Ց-ով վարակված լինելու մասին իմացել է պատահաբար` վիրահատությունից առաջ արված պարտադիր ստուգումների արդյունքում, հիվանդության փակ շրջանում որևէ անհանգստություն չի զգացել, սակայն հիմա արդեն բավական սուր փուլում է, երբ արդեն անհապաղ բուժում է հարկավոր:

Hepatit_2

«Հավանաբար վարակվել եմ ատամնաբուժարանում, քանի որ մինչև այդ որևէ այլ միջամտություն արյան հետ կապված չեմ ունեցել, փորձեցինք ատամնաբուժարանից պահանջել բուժման գոնե մասնակի փոխհատուցում, սակայն ոչ մի արձագանք, հիմա բնակարանս վաճառքի եմ դրել, սպասում եմ»,- ասում է Սերոբը` չբացառելով, որ մինչ բնակարանի վաճառքը հիվանդությունն ավելի սրվի.

«Բայց կարող ա մինչև տունս վաճառվի, ես էլ` մեռնեմ, էս հիվանդությունների դեպքում, որոնցից որևէ մեկը ապահովագրված չէ, մանավանդ մեր երկրում, երբ ուղղակի հիվանդանոցներում են անգամ վարակում (նկատի ունի Քաջարանի հիվանդանոցի վարակման դեպքը), պետք է պետությունը գոնե ծախսերի մի մասն իր վրա վերցնի»,- հավելում է Սերոբը:

Հեպատիտ c-ի բուժման համար Հայաստանում հասանելի է շվեյցարական դեղամիջոց, որը պահանջվում է օգտագործել երկարաժամկետ` առնվազն 24-36 շաբաթ, որոշ դեպքերում նաև ավելի, ամեն շաբաթվա դեղամիջոցն արժե 300 դոլար, բուժման ողջ կուրսը արժենում է սովորաբար 7500-10000 դոլար և ավելի` հիվանդության առավել ուշ, վիրուսի ակտիվացած փուլերում:

Hasmik-GHazinyan-Hepatit-C

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ՝ Հասմիկ Ղազինյանի խոսքերով՝ Հայաստանը հեպատիտի միջին տարածվածության երկրների շարքում է գտնվում` 2-3 %-ով, սակայն ուսումնասիրություն է արվելու, որպեսզի հստակեցվի Հայաստանում հեպատիտ C-ի վիճակագրությունը:

Ղազինյանն ասում է, որ ստույգ տվյալ չկա, թե մեր հանրապետությունում որքան մարդ է վարակված հեպատիտ B-ով և C-ով, որոնք ամենավտանգավոր վարակներից են, սակայն մոտավոր հաշվարկներով՝ 100 հազար բնակիչ ունի այդ վիրուսը: Ըստ մասնագետի, «Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից»:

Սակայն, ի տարբերություն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վիրուսի, հեպատիտ C-ի բուժման համար պետությունը ոչ մի գումար չի հատկացնում: Հարևան Վրաստանում, օրինակ, հիվանդության հայտնաբերման ու բուժման ծախսերի մի մասը պետությունն է հոգում, մեզ մոտ բուժման ահռելի ծախսերն ամբողջովին հիվանդի ուսերին են:

Violeta-Zopunyan--Hepatit-C

«Կարծում եմ, հեպատիտ C-ն նույնքան վտանգավոր է, և լավ կլինի, որ որևէ ծրագրի շրջանակներում բյուջեից հատկացումներ լինեն, գոնե կանխարգելման համար»,-ասում է հեպատիտ C-ով հիվանդներին իրավական աջակցություն ցուցաբերող «Իրավունքի զարգացման կենտրոն»-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը՝ հավելելով, որ հեպատիտի բուժման համար ևս հնարավոր է ֆինանսավորում գտնել դրսից:

2014 թ-ի հուլիսի 28-ին՝ հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրը ակցիա էր կազմակերպվել ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ, որի մասնակիցները մի շարք առաջարկություններով նամակ էին փոխանցել ՀՀ առողջապահության նախարարին:

Anahit-Harutyunyan

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հանդիպել է նախարարության պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում վերջիններս հավաստիացրել են, որ հեպատիտի կանխարգելումը բարձր մակարդակի վրա է և ներկա պահին նախարարությունը մշակել է Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար:

«Սակայն բաց է մնում բուժման հասանելիության խնդիրը, որը զուտ ֆինանսական է»,-նկատում է ՀԿ ներկայացուցիչը:

Հազարավոր դոլարներ ծախսելն ու բուժվելը անհավանական է նաև 45-ամյա Իրինայի (անունը փոխված է) համար, ով անգամ բնակարան չունի, իսկ իր հիվանդության մասին լռում է` վախենալով, որ հենց դրա համար տնից կարող են հանել հարազատները:

«Չեմ կարող բուժվել, հնարավորություն չունեմ, աշխատանք չունեմ, այլ եկամուտ չկա, իսկ փեսայիս, ում տանը հիմա ապրում եմ, չեմ էլ ասել, որ հիվանդ եմ, թե չէ՝ կարող է ինձ դուրս հանի»,- դողացող ձայնով պատմում է Իրինան. «Ինչքան ապրեմ` ապրեմ, էդ վիճակն է»:

Իրինան արդեն 7 տարի հիվանդ է հեպատիտ C-ով և ՄԻԱՎ-ով: Վիրուսը վարակվել է ռուս ամուսնուց, ով իրեն չի ասել վարակի մասին: Տարիներ առաջ Ռուսաստան տեղափոխված Իրինան ամուսնանում է, սակայն ամուսնությունից երկու տարի հետո ամուսինը մահանում է: Պարզվում է՝ նա թմրամոլ է եղել և հեպատիտ C ու ՄԻԱՎ վարակակիր: Ամուսնու մահից հետո է միայն Իրինան պարզում, որ ինքը ևս վարակված է և՛ հեպատիտ C-ով, և՛ ՄԻԱՎ-ով:

«ՌԴ քաղաքացիություն ստանալու ժամանակ շատ պատահաբար պարզվեց: Դրանից հետո վերադարձա Հայաստան»,-պատմում է նա:

Իրինայի միակ մխիթարությունն այն է, որ հեպատիտի վիրուսը դեռ «ագրեսիվ չէ», ինչպես ասել են բժիշկները:

Իրինան աշխատանք չունի նաև այն պատճառով, որ առողջական խնդիրների hետևանքով ծանր աշխատանք չի կարող կատարել, չի կարող երկար աշխատել:

Պետպատվերի շրջանակում բուժվում է միայն ՄԻԱՎ-ի վիրուսի դեմ, որի բուժումը Հայաստանում ֆինանսավորում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը: Հեպատիտ Ց-ի բուժման որևէ նմանատիպ ծրագիր չի գործում:

Իրինան «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի այցելուներից է: Այստեղ նրա պես հիվանդները հանդիպում են ու շփվում միմյանց հետ, քննարկում իրենց խնդիրներն ու հաճախ հենց խտրականության ենթարկման դեպքերը:

Ինչպես ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, այնպես էլ Հեպատիտ C վարակակիրները անցանկալի անձինք են անգամ հիվանդանոցներում:

«Երբ գնում եմ վարսավիրանոց՝ պեդիկյուրի, մանիկյուրի կամ ատամնաբույժի մոտ, անպայման ասում եմ՝ իմ արյան մեջ վարակ կա, խնդրում եմ, ինձնից հետո դեզինֆեկցիա արեք: Ես իմ քաղաքացիական պարտքն եմ համարում զգուշացնելը, որովհետև ես ինքս զոհ եմ ու չեմ ուզի, որ ինչ-որ մեկն էլ ինձնից վարակվի,-պատմում է Իրինան՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ հիվանդության պատճառով իրեն վատ են վերաբերվել կամ հրաժարվել են սպասարկել.

«Իհարկե, տարբեր ռեակցիաներ է լինում, հիմնականում բացասական, նաև լինում է դրական արձագանք: Ատամնաբուժարանում եղել է դեպք, երբ հրաժարվել են ինձ սպասարկել հիվանդության պատճառով: Ստիպված այլ տեղ եմ դիմել, չեմ ասել ինչ վարակ է, ասել եմ՝ վարակ կա: Հակառակ պարագայում բացասական վերաբերմունք է լինում, ինչը հաճելի չէ»:

Հեպատիտ C-ի վիրուսը բավական կայուն է, սակայն սահմանված կարգով ախտահանում իրականացնելու դեպքում վարակման հավանականությունը կարելի է հասցնել բացառման: Մարդը հիվանդության մասին միանգամից չի իմանում: Հեպատիտ C-ի ինկուբացիոն շրջանը տևում է 2 շաբաթից մինչև 6 ամիս: Առաջնային վարակումից հետո մարդկանց մոտավորապես 80%-ը որևէ ախտանշան չի ունենում:

«Իրավունքի զարգացման կենտրոն»-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը պատմում է, որ իրենց կենտրոնի՝ հեպատիտ C-ով հիվանդ վերջին երկու հաճախորդները՝մայր ու աղջիկ, վարակվել են գեղեցկության սրահում և չեն կարողացել դա ապացուցել: Չնայած մոտ 25 հազար եվրո արժողությամբ բուժման կուրսին, վիրուսով վարակված մայրը որոշ ժամանակ անց մահացել է:

Զոփունյանի խոսքերով՝ առողջապահության նախարարությունը պետք է շատ խիստ հսկողություն սահմանի անվտանգության պահպանման առումով:

«Պետք է բոլոր վարսավիրանոցներում, ատամնաբուժարաններում ու հիվանդանոցներում նախազգուշացնող պաստառներ լինեն, որ քաղաքացիներն իրենք պահանջեն համապատասխան հիգիենիկ մոտեցում և ստերիլացում»,-ասում է նա:

«Դրական մարդկանց հայկական ցանց»-ի մեկ այլ այցելու 33-ամյա Արմենին (անունը փոխված է) նույնպես լավ չեն վերաբերվել Հայաստանի հիվանդանոցներում, երբ իմացել են, որ նա և՛ ՄԻԱՎ վարակակիր է, և՛ հեպատիտ C վիրուս ունի:

«Համարյա բոլոր հիվանդանոցներում, ուր գտնվել եմ, ինձ լավ չեն վերաբերվել՝ իմանալով իմ հիվանդությունների մասին, չեն ցանկացել ընդունել: Մասիվի հիվանդանոցում է նման դեպք եղել, Հանրապետականում, տարբեր հիվանդանոցներում: Երբ իմացել են, որ ՄԻԱՎ-ով ու հեպատիտ C-ով հիվանդ եմ, աշխատել են արագ ազատվել ինձնից: Մինչև ՀԿ-ների միջոցով չենք պայքարել, որ նրանք հետևողական լինեն, ուշադրություն դարձնեն, արդյունք չի եղել: Իրենց համար գլխացավանք եմ եղել: Նորմալ բժշկական ծառայություն չեն մատուցել»,-պատմում է Արմենը:

Ընդ որում՝ Արմենը բուժվել է սեփական միջոցներով, ոչ թե պետպատվերի հաշվին: Երիտասարդը հեպատիտ C-ի դեմ բուժվելու համար վաճառել է բնակարանն ու մեքենան, այժմ վարձով է ապրում:

«Պետության կողմից որևէ աջակցություն չեմ ստացել: Ընդհակառակը՝ պետությունը իմ ձեռքից ինչքան գումար եղել է` վերցրել է, ինձ բուժելու համար, որ կարողանամ ապրել»,-ասում է նա:

«Ես միգուցե մեղքի բաժինն ունեմ իմ վիճակի համար, բայց այսօր երբ հիվանդանոցներում կանայք կամ երեխաները վարակվում են, նրանց համար բուժումը պետք է հասանելի ու անվճար լինի»,-ասում է նա:

Եթե հեպատիտ C-ի բուժումը բավական թանկ է և հասու չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, կարող է սկսվել 7500 հազար ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 80 հազար դոլարի, ապա վարակվելու դեպքում փոխհատուցում ստանալու շանսերը հավասար են զրոյի, քանի որ ապացուցելու մեխանիզմներ գրեթե չկան: Բուժման ծախսերի փոխհատուցում պահանջելու մեխանիզմը Հայաստանում գործնականում կիրառելի չէ: Որպեսզի մարդը կարողանա ապացուցել, որ վարակվել է տվյալ ատամնաբուժարանում, վարսավիրանոցում կամ հիվանդանոցում, պետք է դատարան ներկայացնի փաստեր, որ մինչ այդ հաստատության ծառայությունից օգտվելը չի ունեցել հեպատիտ С-ի վիրուս: Հետո պատճառահետևանքային կապը պետք է ապացուցվի: Դա իրականում բարդ է, գրեթե անհնար, քանի որ Հայաստանում նման պրակտիկա չկա, որ մարդիկ հետազոտվեն հեպատիտ C-ի վիրուսի համար: Բացի դա՝ այդ հետազոտությունը բավական թանկ է և հասու չէ բոլորին: Ամեն քաղաքացի չէ, որ պրոֆիլակտիկ նպատակներով կարող է ավելի քան 10 հազար դրամ ծախսել ստուգելու համար՝ վարակվա՞ծ է հեպատիտ C-ով, թե՞ ոչ:

Բացառություն էր, իհարկե, Քաջարանի բժշկական կենտրոնի դեպքը, որտեղ 15 անձ էր վարակվել և Առողջապահության նախարարության պահանջով իրականացվեց հետաքննություն, հեշտությամբ ապացուցվեց, որ բոլորն էլ այդ բուժհաստատությունում են վարակվել: Սակայն անհատական վարակման դեպքերում քաղաքացին մնում է միայնակ հիվանդության դեմ պայքարում:

«Լյարդի քաղցկեղ առաջացնող հեպատիտ C-ով չվարակվելու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը պայքարի իր իրավունքների համար ու ստիպի, որ տարբեր հաստատություններում իրեն սպասարկեն բացառապես ստերիլ գործիքներով, հակառակ դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ վարակ չի լինի»,- կարծում է «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը:

Մարինե ԽԱՐԱՏՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031