«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն այսօր ներկայացրեց «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտության արդյունքները: Նպատակն է՝ պարզել, թե հայաստանյան մեդիա դաշտը միջազգային թեմաներով տեղեկատվություն հաղորդելու ինչ հնարավորություններ ունի: Հետազոտությանը մասնակցել են 50 լրատվամիջոցներ, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, թերթեր, կայքեր: «Դրանց 1/3-ը թղթակից ունի արտասահմանում, հիմնականում՝ Թուրքիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Սիրիայում, Գերմանիայում: Հարցված բոլոր ԶԼՄ-ները նշել են, որ միջազգային անցուդարձի ինֆորմացիոն աղբյուրը արտասահմանյան ԶԼՄ-ներն են՝ չնայած, որ իրենք ունեն արտասահմանյան թղթակիցներ: ԶԼՄ-ները բավականին ինտենսիվ են ներկայացնում միջազգային թեմատիկան: Օրինակ, որոշ կայքեր մեծ քանակության լուրեր են մատուցել: Ունեցել ենք օրեր, երբ 160 նյութ է հրապարակվել, իսկ դա բավականին տպավորիչ է՝ սուղ հնարավորություններ ունեցող լրատվամիջոցների համար»,-ասաց «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Նա նշեց, որ որոշ կայքեր մեկ ամսում 113 կամ 94 տարբեր երկրների առնչվող տեղեկություններ են հաղորդել. «Այսպես կոչված՝ ավանդական երկրների շարքում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Սիրիան, հարեւան երկրները: Երբեմն նաեւ «անկապ» իրադարձություններ են ներկայացվում ինչ-որ էկզոտիկ երկրներից՝ Գվիենայից, Ուգանդայից կամ Կոտ դ’Իվուարից»:
Հատկանշական է, որ անդրադարձների քանակով առաջին տեղում Ռուսաստանն է, իսկ հայ-ադրբեջանական թեմատիկայի նյութերն ավելի շատ են, քան Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակումները: Ինչ վերաբերում է Թուրքիային, լրատվամիջոցներն անդրադարձել են ավելի շատ ներթուրքական խնդիրներին, քան հայ-թուրքական հարաբերություններին:
Կարդացեք նաև
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ