Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դպրոցականները խաղեր են ստեղծում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ծրագրերով

Հոկտեմբեր 14,2015 14:27

Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը: Այդ մասին համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեցին մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, – «Այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում ենք հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաներին և նոր հնարավորություններ ստեղծում նրանց հետագա մասնագիտական զարգացման ու, ընդհանրապես, ոլորտի ռեգիոնալ զարգացման համար: Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլեմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաները իրենց իսկ բնակավայրերում սթարթափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավոր՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը նշել է, – «ԴիջիԿոդ մրցույթը կարևոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում՝ դպրոցականների շրջանում դեպի տեխնոլոգիական ոլորտ հետաքրքրության աճի և, հետագայում, մասնագիտական կողմնորոշման առումով: Առաջին արդյունքներն արդեն տեսանելի էին այս տարի ամռանը կայացած մրցույթի առաջին փուլի ընթացքում»:

ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտներն աշխատում են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին: Հարկ է նշել, որ այս ծրագիրը զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակությունները և այլն:

ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել https://digitec.am/am/events/digicode կայքում` մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

Հիշեցնենք, որ ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց հունիսին աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Ներկայացվել էր շուրջ 250 դիմում, որից միայն 50-ը հաղթահարեցին առաջին փուլը: Ի դեպ, մասնակիցներից ընդամենը մեկն էր մայրաքաղաքից, մյուսները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը: Մրցույթի կազմակերպիչները վստահությամբ նշեցին, որ առաջիկայում էլ ավելի շատ տաղանդավոր երեխաներ կմիանան ծրագրին:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031