Օրերս որոշ կայքերում տեղեկություն տարածվեց, թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա ոմն Կոնստանտինի հետ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Երիտասարդի անունը Կոնստանտին է, ով Ալինայից փոքր է 12 տարով: Չնայած դերասանուհու էջում լուսանկարներ չես գտնի այդ երիտասարդի հետ, բայց այ Կոնստանտինը չի փորձում թաքցնել նրանց կապը: Ալինան Կոնստանտինի հետ է ներկայանում ընկերական միջոցառումներին, բայց հետաքրքիր է՝ ինչի՞ց է նա խոսում 24-25 տարեկան երիտասարդների հետ, տեսնես իրեն ծեր չի՞ զգում նրանց շրջապատում»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Գարիկ Գալիկյանը հայտնեց, որ Ալինա Մարտիրոսյանը եւ Կոնստանտինը դիմել են իրեն՝ օրենքով համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով. «Այդ նյութը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ զրպարտություն է: Հիմք են ընդունել մի նկար, որում դերասանուհին մի երիտասարդի հետ է: Եթե մտնեք Ալինա Մարտիրոսյանի էջը, կտեսնեք, որ նա շատ նկարներ ունի տարբեր մարդկանց հետ: Չմոռանանք նաեւ, որ նա ճանաչված անձ է, բայց դա չի նշանակում, որ նկարից դատելով՝ պետք է սիրավեպ վերագրել: Ենթադրենք՝ սիրավեպ կա, ինչ իրավունքով է ինչ-որ մեկը տարածում այդ տեղեկությունը: Չի կարելի մարդուն զրպարտել»:
Փաստաբանն ասաց, որ նշյալ կայքերից պահանջել է հերքում հրապարակել եւ ներողություն խնդրել: Կայքերից մեկն արդեն այդպես է վարվել. «Իսկ Blognews-ը այդ տեղեկությունը վերցրել է ինչ-որ «սկանդալիստ» կայքից, որը ես չգտա: Եթե սահմանված ժամկետում, այն է՝ երկու շաբաթում հերքում չտան, գործը կհասնի դատարան»: Գարիկ Գալիկյանը նաեւ նշեց, որ սկզբնաղբուրն ապացուցելու դեպքում կայքը կազատվի պատասխանատվությունից:
Blognews.am-ի գլխավոր խմբագրի կարծիքը կներկայացնենք առաջիկայում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ