Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովը

Հոկտեմբեր 14,2015 13:32

Այսօր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող Կայուն գյուղատնտեսական զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները:

Եռամյա այս ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:

«Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և վերջին տարիների ձեռքբերումները` հույս հայտնելով, որ այն հետագայում էլ ավելի կամրապնդվի:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ հիացած է հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակով և համային հատկանիշներով: Նա հավելել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի` կարևորելով բոլոր ջանքների կենտրոնացումը շուկաների հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ:

ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:

Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031