Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը՝ իր ու Ծառուկյանի տարբերության մասին. «Եթե ասեմ իմ ամբիցիաների մասին՝ կզարմանաք»

Հոկտեմբեր 14,2015 13:06

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել եւ ուզում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց նա ասաց, որ վարչապետ կամ նախագահ չի ուզում դառնալ, միայն ուզում է մեր երկիրը զարգացնել, դրա համար է առաջադրվում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՕԵԿ-ի, ՀԴԿ-ի հե՞տ է պատրաստվում մասնակցել՝ նա վստահեցրեց, որ այդպիսի կապ չկա, բայց երկու ճանապարհ ունի՝ կամ ինչ-որ մեկի հետ գնալ, կա՛մ նոր կուսակցություն բացել. «Արթուր Բաղդասարյանը շատ լավ քաղաքական գործիչ է, ինքն ունի իր ճանապարհը գնալու: Ինքը մեծ փորձ ունի, երկար ճանապարհ է անցել, բայց ես կուսակցություն եմ բացելու: Ով կմիանա մեր գաղափարախոսությանը, բոլորի հետ մենք աշխատելու ենք»:

Հարցին՝ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում մարդուն կարող են դուրս հրավիրել քաղաքական դաշտից՝ նա պատասխանեց, որ գիտի՝ մի օրվա մեջ կարող են տարբեր որոշումներ կայացնել՝ առավոտ մի բան կարող են ասել, երեկոյան՝ մի այլ բան. «Ես ընդհանրապես չեմ ուզում որեւիցե մեկին նմանվել: Եթե ես ուզենայի նմանվել, ես Մալիշկայից կարող ա հասած լինեի մինչեւ Արարատյան դաշտավայր: Եթե ես ասեմ իմ ամբիցիաների մասին՝ դուք կզարմանաք, ավելի լավ ա չասեմ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի մասին ենք անընդհատ հարց տալիս, որովհետեւ դուք հիմա խոսում եք այնպես, ինչպես ինքը՝ ես ամեն ինչ ժողովրդի համար եմ անում, թափանցիկ է լինելու ամեն ինչ, ձեր համար եմ ամեն ինչ անում եւ այլն, բայց նրան չթողեցին դա անել, հիմա ի՞նչ երաշխիք ունել, որ ձեզ կթողնեն փրկել Հայաստանը: Արա Աբրահամյանը պատասխանեց. «Կարող եմ սկսել 2-րդ դասարանից, թե որտեղ եմ սովորել, ոնց եմ սովորել, իմ անցած ճանապարհը նման չէ որեւիցե մեկի անցած ճանապարհին: Իմ ունեցած փորձը նման չէ որեւիցե մեկին: Ես չեմ ուզում որեւիցե մեկին արժեքազրկել (երեւի նկատի ուներ՝ արժեզրկել – Հ.Ջ.): Կուզենայի իմ անցած ճանապարհը նայեիք, թե որ երկրում ինչ հաջողությունների եմ հասել: Եթե ես ասեմ, որ 17 երկրում պարգեւատրվել եմ բարձր շքանշաններով, դուք կարող եք ասել՝ երեւի Աբրահամյան Արան փողը տվել ա՝ վերցրել ա: Ես կուսակցություն եմ բացելու»:

Դուք իշխանության դաշտում եք գործելու, թե՞ ընդդիմության՝ նա պատասխանեց. «Մենք չենք քննադատելու որեւիցե մի անձի, մի կուսակցության, ասելու ենք այն, ինչ անելու ենք»:

Արա Աբրահամյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը գիտի իր ծրագրերի մասին եւ ասել է՝ եթե գտնում եք, որ կարող եք օգուտ տալ, ինչ կա, եկեք մասնակցեք:

Թե ինչ կարծիք ունի Սահմանադրական փոփոխությունների մասին՝ նա պատասխանեց. «Ես միշտ սովոր եմ աշխատել եղած օրենքներով: Եթե մարդը ուզում է օրենքները կատարի, կարող է անել դա եղած սահմանադրական դաշտում: Եթե չի ուզում աշխատի, պատճառներ միշտ գտնվում են: Տեսնենք ոնց կփոխվի, ժողովուրդը ոնց է ուզում, ինչ կասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vache says:

    Եթե ես ասեմ, որ 17 երկրում պարգեւատրվել եմ բարձր շքանշաններով, դուք կարող եք ասել՝ երեւի Աբրահամյան Արան փողը տվել ա՝ վերցրել ա: Ես կուսակցություն եմ բացելու»:

    Думаю это уже говорит о низком интеллекте господина Абрагамяна

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031