Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը կշտամբեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Հոկտեմբեր 14,2015 12:53

«Սահմանադրության խախտման ճանապարհով սահմանադրական փոփոխությունների գնացող իշխանություններ: Սահմանադրության խախտումները չնկատելով, ըստ էության իշխանության դաշնակից «ընդդիմադիր» ուժեր»,- «Հենարան» մամուլի ակումբում հայաստանյան քաղաքական դաշտն այսպես բնութագրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`հավելելով, որ եթե «ընդդիմությունում» լինեին առողջ տրամադրված քաղաքական ուժեր, պետք է ԱԻՄ-ի կողքին կանգնեին այն հարցում, որ իշխանությունը խախտում է սահմանադրությունը`չքննարկելով ԱԻՄ-ի ներկայացրած բացարձակ ժողովրդավարության մոդելը: Ավելին, հրապարակավ հայտարարում են, որ այլընտրանք չկա:

Ամենից զատ Հայրիկյանն արձանագրում է, որ ընդդիմադիր դաշտում նույնիսկ աշխատել չգիտեն`քար նետելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բոստանը. «Ի՞նչ է նշանակում, ես իմ անձնական, ընտանեկան գործերով Հայաստանից տեղ եմ գնում: Եթե ես հայկական քաղաքական գործիչ եմ, իմ անձնական, ընտանեկան գործերը պետք է լինեն Հայաստանում: Եթե կազմակերպված մարդ եմ, պիտի նախապես զգուշավոր լինեմ: Ոչ թե ասի`լրագրողներ, ձեզ հետ պիտի հանդիպեմ, բայց անձնական գործս…Այդ տեսակ մարդիկ աշխատել չեն կարող եւ ոչ միայն մեզ հետ, այլ որեւէ մեկի հետ եւ մանավանդ, մեր ժողովրդի համար: Նրանք աշխատում են իրենք իրենց համար: Ի՞նչ է, իմ ընկերներն անձնական, անհատական, ընտանեկան գործեր չունեի՞ն, որ տասնամյակներով բանտեր էին գնում: Չեմ ուզում շատ խորանալ, բայց էդ օրիորդաց գիմնազիային բնորոշ`«իրար չքննադատենքը», նշանակում է, որ ի սկզբանե կեղտեր ունես, որոնք չես ուզում, որ տեսանելի լինեն ու փոխարեն դրանցից հրաժարվելու, ասում ես`դրանց մասին չխոսենք»:

Aravot.am-ի հարցին`նկատի ունենալով Ձեր նկարագրած իրավիճակը, կարելի՞ է արձանագրել, որ իշխանությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բարեհաջող կարող է իրականացնել, անգամ առանց խախտումների, քանզի միայն վարչական ռեսուրսը բավարար է, որ հանրաքվեն կայացած համարվի, Պարույր Հայրիկյանն ասաց. «Եթե ամեն ինչ այս ընթացքով շարունակվի, էդ երջանիկներն էլ հույսները դնեն մի մե~ծ հանրահավաքի վրա…Էնքա~ն հանրահավաք ենք տեսել, մի հատ էդ հանրահավաք անողներին հարցրու`հանրահավաքն ի՞նչ արդյունք է տալիս: Մի մեծ հանրահավաքով ամեն ինչ չի որոշվելու: Եթե այսպես շարունակվի, այո, կլինի այնպես, ինչպես դուք ակնարկեցիք»:

Բայց ընդդիմության հրապարակային եւ առողջ գործելաոճի պայմաններում, ըստ բանախոսի, մեկ շաբաթն էլ բավարար է իրավիճակ փոխելու համար. «Թե չէ խեղճ հայ ժողովուրդը նստի`սպասի`թե երբ պիտի Զուրաբյանն ու Սեֆիլյանն իրար հետ համաձայնության գան: Գնում պատերի տակ, թաքուն բան են պայմանավորվում`գալիս հայտարարում են այն, ինչը մեկ ամիս առաջ տեղի է ունեցել: Միայն անունն է փոփոխվել`«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ, մեկ էլ այն, որ ինչ-որ մեկին գոյություն չունեցող շտաբի պետ են նշանակել: Մանկապարտեզ չի, ի վերջո»:

Ամեն դեպքում, Հայրիկյանը եւ ԱԻՄ-ը բաց են համագործակցության համար. սահմանադրական բարեփոխումների հարցում անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Եթե ես խրամատում եմ հայտնվել, էդ կռվի պահին կողքինիս պիտի հարցնեմ`դու ՀՀՇ-ական ե՞ս, թե՞ դաշնակցական: Իրար հետ կռվում են միեւնույն հակառակորդի դեմ»,- բացատրում է նա:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը եւ հարցին`բացառությամբ 1996 թվականի, Հայաստանում ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց մեկ հարթակի վրա կանգնել. Պատճառը միայն հավակնություննե՞րն են, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Մեկ-մեկ պոռոտախոսում են նաեւ այլ համագործակցությունների մասին, բայց, այո, 1996-ին է եղել այդ համագործակցությունը եւ, այո, եղել է ամբիցիաները հաղթահարելու շնորհիվ: Բայց ամբիցիաները բոլորը չեն հաղթահարել: Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը չկարողացավ հաղթահարել: Որպեսզի գործը կայանա, ես, որ հիմնական թեկնածուն էի՝ հանեցի իմ թեկնածությունը: Բայց այսօր այդ ամբիցիաներն օգտագործող բազմակուսակցական գաղտնի գործակալական ցանցը կա: Եթե առաջ միակուսակցական էր`կոմունիստական էր, հեշտ էր: Հիմա բազմակուսակցական է ու, ցավոք, անգամ այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին Սահմանադրությունն է, այդ հավակնությունները խանգարում են: Իրենք ասում են`պիտի լինի իշխանափոխություն եւ մենք ժամանակավոր կառավարություն ստեղծենք մեզնով: Դա հավակնություն է եւ կարող է խանգարել: Եթե պիտի համագործակցեք, համագործակցեք հրապարակային: Մութ պատերի ետեւում թաքնվում են նրանք, ովքեր կեղտ ունեն: Բաց աշխատում են նրանք, ովքեր չեն վախենում իրենց թերություններն էլ ներկայացնել եւ հրապարակավ ուղղել»:

Այնուհանդերձ, Հայրիկյանը նաեւ փաստում է, որ ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն էլ իրենից արժեք ներկայացնում է ու ԱԻՄ-ը պատրաստ է դիտորդի կարգավիճակում շարունակել աշխատել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031