Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցյալից հետո և ապագայից առաջ

Հոկտեմբեր 14,2015 12:22

Կամ իրականության հրամայականը

Պատմության ընթացքում առասպելները երբեմն օգնել են ժողովուրդներին ոգեշնչվելու, հուսահատությունից դուրս գալու և հզորանալու առումով:

Իրական հիմք ունեցող լեգենդները, էպոսները, վիպասքը որոշակի և կարևորը ընդունելի պաթոս են հաղորդել դեպքին, հերոսական արարքին ու լուսավոր հետք թողել:

Դրանք նաև որոշակի մշակույթ են ձևավորել, սահմանել նշաձող հանրային ձգտման ու տեսլական տվել, ապագայի վստահություն ու ներշնչանք՝ փոխանցվել հաջորդող սերունդներին որպես ժառանգություն:

… Բայց պատմական կեղծիքն ու սուտը՝ ոչ: Դրանք արագ բացահայտվում են ու աղետալի հետևանք ունենում այն ժողովրդի համար, ում մատուցվել են՝ և ով էյֆորիայի ու ինքնամեկուսացման զարմանալի մի հոգեվիճակում հավատացել ու ընդունել է՝ հիտլերյան Գերմանիան, ստալինյան Սովետմիությունը, կարմիր խմերների Կամբոջան վերջին օրինակներից:

Ու հիմա, մեր համար հերթական ճակատագրական էս ճամփաբաժանին հերթական պոռոտախոսություններն ու կիսաճշմարտությունները, որ ստից վատ են, էլի մեզ անդառնալի ու ողբերգական կորստի կարող է տանեն:

Ուրեմն մեզ պետք չեն համաշխարհային ազգի կեղծ գովերգումներ ու նաև անօգնականության ինքնակորույս ողբ:

Պատմության մեջ տարբեր ժամանակներում տարբեր ազգեր տարածաշրջանում հզոր են եղել, ոմանք էլ նույնիսկ աշխարհակալ՝ իրենց ժամանակի հասկացությամբ:

Հռոմեական կայսրությունն, այո, իր ժամանակի մեջ իրեն հասանելի աշխարհում տիրել է, հետո ավելի փոքր՝ տարածաշրջանային հզորությամբ, Բյուզանդիան, հետո սելջուկ թուրքերը, օսմանցիները …

Մեր այսօրվա հարևաններից Իրանը, Մերձավոր Արևելքում արաբները, Եվրոպայում՝ Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Գերմանիան:

Մեծ Բրիտանիան երևի եղել է հզորագույնը՝ նկատի առնելով իր տիրապետության ժամանակ երկիր մոլորակի հետազոտվածությունը, հաղորդակցության զարգացումը և իրական ազդեցության հսկայական տարածքը:

Այո, այդ ազգերից ոմանք այսօր էլ առաջնորդ են, քանզի ժամանակին իրենց ստեղծած, ձուլած մշակույթն ու տիրակալությունը վերածել են քաղաքական ու տնտեսական կապիտալի և անընդհատ ավելացրել ունեցածին՝ օգտվելով պատմական պատեհ հնարավորություններից:

Բայց եղել են ու կան նաև փոքր ածուները՝ Խորենացու ասած, որ հզորությամբ, տարածությամբ ու քանակությամբ չեն ձգտել գերազանցության, քանզի անիրական այդ նկրտումը կործանարար կարող էր լինել նրանց համար:

Ամեն ժամանակի մի քանի հզորների կողքին արժանապատիվ ապրել ու ապրում են բազմաթիվ ազգեր, որոնք չեն տառապում անցյալի թվացյալ կամ իրական տիրակալության բարդույթով:

Պատկերացնու՞մ եք ժամանակակից պորտուգալացին, հոլանդացին՝ այդ փոքր ածուները, սկսեն պարծենալ իրենց երկրների երբեմնի հզորությամբ ու նեղսրտեն, որ այժմ աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներից չեն ու բարդույթավորվեն ու դժգոհեն: Նույնիսկ արաբները դա չեն անում:

Ու մեկ ել մտածեք, թե ինչքան ծիծաղելի են նրանց կամ ֆրանսիացու ու գերմանացու համար 2000-ամյա Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի, մեր պատմական առաքելության մասին ինքնամոռաց պատմությունները:

Ավելի լավ չէ՞ մեր իրական ունեցածը պահենք, հզորացնենք ու դրանով հպարտանանք:

Ինչ-որ ունենք փայփայենք և իրար՝ առաջին հերթին, սիրենք ու հարգենք: Իրար օգնենք, այլ ոչ նախանձենք:

Իրարու հաջողությամբ ուրախանանք ու այդ հաջողությունը կիսենք, այլ ոչ թաղումներին միայն անկեղծ վշտակցենք ու տխրությունը բաժանենք:

Հաշտության գանք մեր անցյալի հետ, քշենք անցյալի ուրվականները՝ լուսավորելով ներկան, ու մտածենք մեր երեխաների՝ իմա մեր ապագայի մասին:

Լինելով խելացի, ճարպիկ ու բանիմաց՝ կարճաժամկետ ու անհատական ծրագրեր ենք հետապնդել՝ հանրային ու պետական շահն անտեսելով ու ստորադասելով այսրոպեական անձնական քմահաճույքներին:

Ոգի, բովանդակություն, բարոյականություն ու արժանապատվություն տանք մեր մտքերին, ձևակերպենք դրանցից մեր նպատակներն ու առաջ շարժվենք:

Մեր ուժեղ կողմերը շահեկանորեն զարգացնենք ու թույլերը հավասարակշռենք:

Աշխարհում, բազմազան ու բազմերանգ, մեր անելիքը վերջապես որոշենք, մեր իրական տեղը գտնենք մնացյալ ժողովուրդների կողքին՝ առանց ստրկամտության ու քամահրանքի:

Սեփական քաղաքացուն հարգող, արժանավայել կեցությունն ու հոգևոր պահանջները բավարարող, աշխարհի մարդուն բարյացակամ ընդունող, աշխարհի մեջ պարզ ու հավասար կանգուն պետություն կառուցելուց առավել կարծես դեռ ոչ մի ժողովուրդ չի ձգտել:

Լինենք համեստ ու բավարարվենք դրանով:

Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031