Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Վերջին տարիներին ընդդիմությունը վերածվել է «պարոն Ոչ»-ի». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 14,2015 12:17

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ քաղաքական դաշտում ձեւավորված «ստատուս քվոն»՝ «Այո»-ի եւ «Ոչ»-ի հետեւորդների ուժերի հարաբերակցությունը, գնահատում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ

  -Հանրաքվեն համապետական ընտրական միջոցառում է, եւ լավ աշխատելու դեպքում կան բոլոր հիմքերը՝ մոբիլիզացնելու հասարակությանը արտահերթ իշխանափոխության գաղափարի շուրջ եւ տապալելու «ատելի» իշխանությունը։ Արտահերթ ընտրությունների ջատագովների այս նկատառումը որքանո՞վ արդարացված է։ 

-Հանրաքվեն եւ ընտրությունները երկու տարբեր բաներ են։ Խորհրդարանական, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողը գիտի՝ ում կամ որ քաղաքական ուժին է տալիս իր ձայնը։ Հանրաքվեի դեպքում խոսքը վերաբերում է ինչ-որ փաստաթղթի, որի մասին ընտրազանգվածը, մեղմ ասած, աղոտ պատկերացում ունի։

Նրանք, ովքեր կողմ են արտահայտվում այդ փաստաթղթին, դա անում են, որովհետեւ կուսակցությունն այդպես է որոշել։ Շատերը քարոզում են սահմանադրական փոփոխությունների օգտին՝ նույնիսկ ծանոթ չլինելով նախագծի տեքստին, մի մասն էլ պարզապես անկարող է կարդալ այն եւ հասկանալ՝ ինչ է այնտեղ գրված։ Այսինքն՝ այստեղ աշխատում է կուսակցական կարգապահության սկզբունքը։

Գրեթե նույն իրավիճակն է հակառակ ճամբարում. փոփոխությունների հակառակորդների զգալի մասն այս պարագայում էլ չի կարդացել նախագիծը։ Ավելին՝ «Ոչ» ասողների մեծամասնությունը ոչ վաղ անցյալում պնդում էր, որ երկիրը տեղապտույտից դուրս բերելու միակ ձեւը խորհրդարանական համակարգի անցնելը եւ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելն է։ Բայց բավական էր, որ իշխանությունն ասեր՝ օքեյ, թող ձեր ուզածը լինի, որպեսզի խորհրդարանական համակարգի նախկին ջատագովները վերածվեին կիսանախագահական մոդելը պահպանելու համոզված կողմնակիցների, ինչը, ի դեպ, նույնպես հասկանալի է։

Մի առիթով ասել եմ՝ եթե վաղը իշխող կուսակցությունը որոշի օրենքով ամրագրել բազմապատկման աղյուսակը, ընդդիմությունը կքվեարկի դրա դեմ՝ արտահայտելով ոչ թե իր կարծիքը տվյալ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, այլ վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ։

   -Ուրեմն ի՞նչ նպատակով են նախաձեռնել այդ գործընթացը՝ մարդկանց հերթական անգամ հիասթափեցնելու համա՞ր։ 

-Չեմ կարծում, թե կարելի է հիասթափեցնել մարդկանց, այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկան ստվար զանգվածներ, որոնք հավատում են փրկիչներին։ Վերջին տարիներին ընդդիմությունը վերածվել է «պարոն Ոչ»-ի՝ ո՛չ է ասում իշխանության ցանկացած նախաձեռնության, եւ ժողովրդի ճնշող մեծամասնությունը անտարբեր է վերաբերվում այդ ամենին։

 – Ձեզ համար տեսանելի՞ է այն ուժը (կամ ուժերը), որ կարող է լրացնել ընդդիմադիր դաշտում ստեղծված վակուումը,՝ որի օգտին կարող է վերակողմնորոշվել բողոքավոր ընտրազանգվածն առաջիկա ընտրական գործընթացներում։

-Ցավոք՝ ոչ։ Եվ դա Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրն է։
Վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել երկու «փոխլրացնող» գործընթաց. առաջինն այն է, որ հանրապետականները «գրավել» են քաղաքական բոլոր հարթակները, երկրորդը ընդդիմության դանդաղ «մահն» է։ Չկան մեզանում ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն հանրության վստահությունը եւ աջակցությունը։

Պատահական չէ, որ այս ու այնտեղ բողոքի ցույցեր անող տղաներն ու աղջիկները՝ քաղաքացիական ակտիվիստները, ավելի շատ մարդ են հավաքում, քան ընդդիմությունը։ Ավելին՝ երբ ընդդիմադիր ուժերը փորձում են խառնվել քաղաքացիական նախաձեռնություններին, նրանց ուղղակի վռնդում են եւ ճիշտ են անում, որովհետեւ նրանց միջամտությունից ցույցերի մասնակիցների թիվը չի ավելանում՝ պակասում է։

Մեր խնդիրը ոչ թե այն է՝ ինչ կարող է անել ընդդիմությունը, այլ այն, որ այդ ընդդիմությունը չկա՝ այն պետք է ստեղծել։ Ավելի շուտ՝ ֆորմալ առումով կա, ներկայացված է խորհրդարանում, բայց որեւէ կերպ ի զորու չէ ազդել քաղաքական գործընթացների վրա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031