Երեկ մի լավ բան տեղի ունեցավ. բացվեց Ղարաբաղյան շարժմանն ու «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հիշատակին նվիրված կայքը. Hambardzum.am-ը:
Կայքի հեղինակներից Հրանտ Տեր- Աբրահամյանը նշել է, որ կայքի նպատակներից է. «ակտուալիզացնել արդեն պատմություն դարձածը, անցյալին ստիպել խոսել այսօրվա հետ։ Ըստ այդմ, զուտ արխիվային նյութերի հետ մեկտեղ՝ տեսանյութեր, պատկերներ, թերթեր, ունենք նաեւ այսօր պատրաստած նյութեր՝ հարցազրույցներ, հոդվածներ եւ այլն։ Կայքն ամեն օր կթարմացվի։ Իհարկե ոչ լրատվականի արագությամբ՝ դրա հնարավորությունն էլ չկա, իմաստն էլ, բայց օրական միջինը մեկ նյութ կավելանա։ Առայժմ այսքանը։ Ավելացնեմ միայն, որ այս՝ դեռ սաղմնային վիճակում եղած նախագիծը կարողա զարգանալ եւ հասնել նպատակին միայն ձեր օգնությամբ՝ նյութերի տրամադրմամբ, դիտողություններով, քննադատությամբ, խրախուսանքով եւ այլն»։
Կայքի հեղինակները հսկայական աշխատանք են կատարել՝ տարբեր աղբյուրներից հավաքելով եւ ի մի բերելով Շարժման տարիների տեսագրությունները, լուսանկարները, Շարժման ղեկավարների ելույթները, հարցազրույցները, որոնք, ի դեպ, խիստ արդիական են հնչում նաեւ այժմ։ Նույնիսկ խորհրդային մամուլի հրապարակումներից կան այդտեղ։ Հուսով ենք, որ նաեւ այդ տարիների դաշնակցական մամուլից էլ նյութեր կլինեն, որ ներկայիս սերունդն իմանա, թե ով՝ ով է։
Ահագին տնտղեցինք՝ հրաշալի նախագիծ էր։ Այնպես է իր բովանդակությամբ կլանում, որ գործից կտրում է։ Մի խոսքով, հաջող գաղափար է կյանքի կոչվել եւ կայքը իր ուրույն տեղը կգտնի մեր հասարակության, ուսանողության, պատմագիրների շրջանում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում