Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցից:
– Պարոն Զաքարյան, արդեն հայտնի՞ է Հայաստանի կողմից ովքեր են ԵՄ-ի հետ բանակցողները լինելու, եւ կոնկրետ ե՞րբ կսկսվեն բանակցությունները։
– Ե՛ւ եվրոպական կողմից, ե՛ւ հայկական կողմից բանակցող թիմերը շուտով պատրաստ կլինեն։ Թե ովքեր են լինելու բանակցողները, դեռ պարզ չէ, բայց դա տեխնիկական հարց է եւ արագ կլուծվի։ Բանակցությունները, բնականաբար, լինելու են համագործակցության խնդիրների շուրջ եւ այն հայտարարված սկզբունքների շրջանակներում, որոնք գտնվում են ընդհանուր հետաքրքրությունների դաշտում։
– Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ խորը տնտեսական համագործակցություն ԵՄ-ի հետ ըստ էության, հնարավոր չէ հիմա, ի վերջո, ինչի՞ շուրջ է ՀՀ-ն բանակցելու, զուտ քաղաքական հարցերի՞:
Կարդացեք նաև
– Այո, քաղաքական, եւ բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանի համար առաջնահերթություններ են, մենք ակնկալում ենք ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տեսնել Հայաստանում։ Դրանք են ժողովրդավարական գործընթացների խթանումը, արդարադատության համակարգին վերաբերող խնդիրները, մարդու իրավունքների եւ ազատությունների, հակակոռուպցիոն պայքարի շրջանակները, կրթության, գիտության եւ տեխնոլոգիական ոլորտին առնչվող խնդիրները, դրանք կարող են նաեւ առևտրային որոշ չափաբաժիններ պարունակել։
– Այսինքն, Ասոցացման համաձայնագրի քաղաքական մա՞սն է հիմքը լինելու, որն ի սկզբանե Հայաստանը պատրաստ էր ստորագրել Վիլնյուսում։
– Այո։ Առեւտրային հարցեր էլ իհարկե, կլինեն, բայց այն ձեւաչափով, որ դրանք որեւէ կերպ հակասության մեջ չլինեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած տնտեսական պարտավորությունների հետ։
– Ու ԵՏՄ-ի հետ որեւէ խնդիր չի՞ կարող լինել։
– Կարծում եմ, որ ոչ։
– Բայց չի՞ բացառվում:
– Խնդիրներ, որպես այդպիսիք՝ չկան, եւ Հայաստանը երբեք իր գործընկերների հետ համագործակցությունը չի կառուցել հակասությունների ներքո։ Շահերի համադրման դաշտում մենք միշտ էլ հաշվի ենք առել բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են խնդրահարույց լինել։ Այս պարագայում մենք չունենք նման հանգամանքներ։
– Ե՞րբ է ակնկալվում փաստաթղթի ստորագրումը։
– Կարծում եմ, մինչեւ տարեվերջ բանակցությունները կսկսվեն, շատ երկար պրոցեդուրաներ չեն լինի, որովհետեւ բավականին գործընթացներ Հայաստանն արդեն անցել է եւ նախորդ տարիների բանակցային գործընթացը նաեւ բավական դրական առաջընթաց է ապահովել Հայաստանի համար։ Ուղղակի արագ կպատրաստվի այն փաստաթուղթը, որը հանդիսանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա իրավական հիմքը եւ գալու է փոխարինելու ներկայումս գործող գործընկերության համաձայնագրին:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում