Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկում տաքսիների գործունությունը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 14,2015 11:25

Նշենք, որ տաքսիների հաշվիչների ստուգաչափմամբ զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող չափագիտության ազգային ինստիտուտը, որի տնօրեն Վահան Սահակյանի կարծիքով՝ տաքսի ծառայությանը վճարվող գումարի՝ զայրույթ հարուցող տարբերությունների պատճառը ոչ թե սխալ հաշվիչ սարքերն են, այլ գումարի հաշվարկման տարբեր ձեւերը։

Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանի հետ, ով պարզաբանեց. «Դեռեւս 2013-ին խիստ նախազգուշացում է տրվել 16 տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների՝ իրենց ծառայությունների վերաբերյալ սպառողներին ամբողջական եւ լիարժեք տեղեկատվություն չտրամադրելու համար։ Հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում է ցուցաբերել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարույթն իրականացնելու ժամանակ, այսինքն՝ 2 տարի առաջ, մի շարք խնդիրներ այս ոլորտում օրենսդրորեն կարգավորված չէին։ Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Ձեր կողմից նշված ոլորտի անմիջական պատասխանատուն եւ վերահսկողը ՀՀ ՏՄՊՊՀ-ն չէ։ Հանձնաժողովը ուսումնասիրությունների փաթեթը խնդրի կարգավորման առաջարկներով եւ լուծումներով հանդերձ ուղարկել է լիազոր մարմին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն»։

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ, ով շտապեց տեղեկացնել, որ ՏԿՆ-ն տաքսի ծառայություն մատուցողի կողմից սահմանված փոխադրավարձի մասով վերահսկողություն չունի։ «Այսինքն՝ դաշտը լրիվ բաց է, ազատ, իսկ փոխադրավարձը տնտեսվարող սուբյեկտներն են սահմանում։ Նման դեպքերում ՏԿՆ-ն վերահսկողություն չի իրականացնում եւ օրենքով էլ նման ֆունկցիաներ չունի»,- փոխանցեց Մելքոնյանը։

Իսկ խաբեության զոհ դարձած քաղաքացիներին պաշտոնյան ընդամենը խորհուրդ տվեց չվճարել։ «Եթե նշված է, որ 1 –6 կմ դեպքում նվազագույն պարտադիր վճարը 600 դրամ է, բայց 6-կմ չհասած տարիֆն արդեն փոխվել է եւ դարձել 700 կամ 800 դրամ, ապա քաղաքացին հանգիստ կարող է պահանջել հարգել իր իրավունքները։ Ամեն դեպքում, սակագներն ազատ են, փոխադրողն ինքն է որոշում փոխադրավարձը»,- երկրորդեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է տաքսի մեքենաների ներսում սակագների մասին տեղեկատվության բացակայությանը, դա ըստ ՏԿՆ ներկայացուցիչի՝ լիցենզիայի խախտում է. «Դա լիցենզիայի պայմանների, պահանջների խախտում է, եւ դրա համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Նման դեպքերում տրանսպորտի տեսչությունը սանկցիաներ է կիրառում։ Այս մասով մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք կատարում։ Ստուգվում է նաեւ լիցենզավորված տրանսպորտային միջոցների կահավորանքը։ Բավականին մեծ թվով տրանսպորտային միջոցներում խախտումներ հայտնաբերելով՝ վարչական պատասխանատվության ենք ենթարկել։ Բայց նշեմ, որ ՏԿՆ-ի սկզբունքը չէ պատժելը, մեզ համար կարետրն այն է, որ բոլորն աշխատեն օրինական դաշտում»,- վերջում հարկ համարեց նշել ՏԿՆ պաշտոնյան։

Իսկ մինչ պետական երկու այս կառույցները փորձում են իրար վրա գցել ոլորտում առկա խնդիրների կարգավորման հարցը, տաքսի ծառայությունները շարունակում են անբարեխիղճ գործել եւ ուղեւորներին մոլորեցնել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031