Իրանի փաստացի վարչապետի հետ քննարկելու թեմաներ, մեղմ ասած, կան։ Պետք է նախ պարզել, թե ինչո՞ւ են իրանական գործարարները այդքան անտարբեր մեր տնտեսության նկատմամբ, որ ներդրումներ չեն կատարում։ Դա նրանց պասիվությա՞ն հետեւանքն է, թե՞ մեր ներդրումային դաշտը գրավիչ չէ։
Պետք է պարզել նաեւ, թե ինչու է մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը այդքան չնչին։ Մենք իրար վաճառելու ապրանքներ չունե՞նք, թե՞ կան այլ խանգարող հանգամանքներ։
Օրինակ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ շարունակ տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Իրանը ոչ մի կերպ իբր չէր համաձայնում Հայաստանին ցածր գնով գազ վաճառել։ Չէ՞ր համաձայնում, թե՞ մերոնք Ռուսաստանին «չնեղացնելու» համար նույնիսկ չէին բանակցում եւ հիմա էլ չեն բանակցում գազի թեմաներով։
Ոչ մի, բացարձակապես ոչ մի անգամ հայկական կողմը որեւէ բանակցություն չի վարել Իրանի հետ Հայաստանի ներքին շուկայի համար գազ գնելու շուրջ։ Մեր իշխանությունները նույնիսկ ակնարկներ չեն արել իրանցիներին ու անգամ չգիտեն, թե Իրանը որքանով կհամաձայներ գազ վաճառել Հայաստանին։
Նման իրական, հրատապ լուծում պահանջող հարցերի փոխարեն Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ենթատեքստում մեր իշխանությունները անընդհատ արծարծում են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը։ Մի կառույց, որի արժեքը մեր երկրի երկու տարվա բյուջեին հավասար գումար է կազմում։ Բոլորն են հասկանում, որ այդ երկաթուղու շինարարության համար գումարներ գտնելու հավանականությունը եթե զրոյական չէ, ապա չափազանց մոտ է զրոյի։ Բայց կարող ենք գրազ գալ, որ Էսհաղ Զահանգիրիի գալիք այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում, հայտարարություններում, պաշտոնյաների վերլուծություններում «վազող տողով» արծարծվելու է հենց Իրան-Հայաստան երկաթուղու թեման։ Հասկանալի է՝ աշխարհացունց ծրագիր է, դրա մասին կարելի է անվերջ խոսել, երազել, պլաններ կառուցել եւ այլն։
Բայց դա կտրում է մեզ իրականությունից, ստվերում թողնում Իրանի հետ հարաբերություններում ավելի փոքր, բայց իրական խնդիրները:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում