Ալբանիայի ֆուտբոլի հավաքականը կաշառել է Հայաստանի հավաքականին, վճարել է երկու միլիոն եվրո, որպեսզի մեր ֆուտբոլիստները կիրակի օրը պարտվեն ալբանացիներին: Դուք ունե՞ք տեսագրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք դա ապացուցում են: Ունե՞ք կաշառողի կամ կաշառվողի խոստովանություն: Կարծես թե՝ ոչ: Ինչո՞ւ եք այդ դեպքում ենթադրությունը, կասկածը, վարկածը ներկայացնում որպես «բացահայտված փաստ»: Կան սերբական մամուլի ենթադրությունները, բայց Սերբիայի հավաքականը շահագրգռված կողմ է: Կան այդ ենթադրությունների վրա հիմնված հայաստանյան լրատվամիջոցների պնդումները, եւ այստեղ էլ շահագրգռություն կա, նախ՝ սենսացիա տարածելու, երկրորդ՝ եւս մեկ անգամ ողբալու, թե ինչպիսի սարսափելի երկրում ենք մենք ապրում:
Իհարկե, կաշառքն ամենեւին էլ չի բացառվում՝ չնայած չեմ կարծում, որ մեր հավաքականը հիմա այնքան լավ է խաղում, որ չէր կարող մոտիվացիայի իսպառ բացակայության պայմաններում «ինքնաբուխ կերպով» պարտվել: ՈւԵՖԱ-ն խոստացավ քննել, եւ եթե գտնի ապացույցներ, ապա դա կլինի բացահայտում: Իսկ առայժմ դա ընդամենը ենթադրություն է: Եթե ենթադրությունը փաստի տեղ է դնում սոցցանցի օգտատերը կամ քաղաքական գործիչը, դա նրանց գործն է: Երբ դա անում է լրատվամիջոցը, այստեղ արդեն մասնագիտական որակների խնդիր կա:
Ընդհանրապես Հայաստանում դատարկ տեղը հերոսանալու, խիզախ երեւալու մարմաջն արտահայտվում է ամենուր: Համացանցը փոխել է ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլեւ քաղաքական քննարկումների որակը: Ժամանակին ես մի քանի անգամ մասնակցել եմ «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի կազմակերպած սեմինարներին՝ կարծիքներն, իհարկե, խիստ տարբեր էին, մարդիկ իրար հետ վիճում էին, բայց չեմ հիշում, որ երբեւէ հնչեին անձնական վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Առաջ այդ, իմ պատկերացմամբ, ավելի շուտ ակադեմիական միջոցառումներին չէին գալիս երիտասարդ կուսակցականներ (եկեք իրերն իրենց անունով կոչենք), որպեսզի «հարցի» տեսքով վիրավորեն բանախոսներին: Նպատակը, հավանաբար, այն է, որ քննարկումից հետո մեկը մյուսին ասի՝ «վախ, մեռնեմ դուխիդ, էս ո՛նց շշեցիր»: Իհարկե, նաեւ ֆեյսբուքում «լայքեր» ստանալը:
Բայց ժամանակները փոխվում են, փոխվում են նաեւ լրատվական եւ քաղաքական դաշտերը, մակարդակն անկում է ապրում: Հուսամ, այդ փոփոխություններն անդառնալի չեն: Հակառակ դեպքում 10 տարի հետո «Էբերտի» հիմնադրամի բանախոսները ռինգ են դուրս գալու բռնցքամարտիկի ձեռնոցներով:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ըստ էությոն ճիշտ է ասված, բայց Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամում կատարվածի կապակցությանբ շատ կոռեկտ ու մեղմ է ասված: Ինչքան հասկացա սույն հայհոյաբերան երիտասարդը ՀԱԿ-ից է:Շատ ցավալի փաստ:Ամեն կուսակցության ներկայացուցիչ ներկայաղնում է իր կուսակցությունը և նաև իր կուսակցության ղեկավարին:Եթե ոչ՝ եթե կուսակցությունը համաձայն չի նրա ասածների կամ արարծների հետ, ինչ որ ձևով իր տեսակետը արտահայտում է: Բայց ինչպես տեսնում ենք կուսակցության կողմից քար լռություն է: Ի՞նչ է դուրս գալիս, կուցակցությունը ու նրա ղեկավարը համաձայն են նման խուլիգանական արարքների հետ: Ի՛նչ է, ՀԱԿ-ը խուլիգաններ է բուծու՞մ:Գուցե այդքան ցավալի չլիներ , եթե կուսակցության ղեկավարը առաջին նախագահը չլիներ: Հասել ենք հատակի՞ն, թե դեռ ավելի խոր ընկնելու տեղ կա:
՝