Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ աշխարհն ու ալիեւյան ռեժիմը

Հոկտեմբեր 14,2015 14:30

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն
ու Արեւմուտքի հետ լարված հարաբերությունները

Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, եւ դրանց նախաշեմին Արեւմուտքի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են անկում ապրել: Թվում է՝ բոլոր արեւմտյան հեղինակավոր կառույցների ու կազմակերպությունների հետ պաշտոնական Բաքուն որոշել է խզել հարաբերությունները:
Անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախարարների կոմիտեին տեղեկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրախորհրդի մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին: ԵԽ գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Սկսած 2014թ. հոկտեմբերից՝ ԵԽ ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսության վերականգնումն էր: Չնայած այդ նախաձեռնությանը՝ մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: ԵԽ-ն տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին»,- նշվում էր ԵԽ գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Այս կառույցը Ադրբեջանի քայլը որակել է որպես «լուրջ հարձակում» խոսքի ազատության իրավունքի վրա: Միգրացիոն ծառայությունները նախ վերցրել էին Amnesty International-ի` Բաքու ժամանած երկու աշխատակիցների անձնագրերը, ապա մի քանի ժամ անց երկրից արտաքսել են նրանց: Հայտնի է, որ այդ աշխատակիցները Վրաստանից են: Իսկ Amnesty International-ը արձանագրել է, որ Ադրբեջանում կայանալիք ընտրություններին ընդառաջ խոսքի ազատությունը լուրջ, հետեւողական ձեւով թիրախ է դառնում:
Սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը արձանագրեցին, որ անհնար է ընտրությունների դիտարկումը, եւ հրաժարվեցին դիտորդներ ուղարկել Ադրբեջան` նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Միխայել Գեորգ Լինքը նշեց. «Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է սահմանափակել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին ներկայացված մեր դիտորդների քանակը: Դա անհնարին կդարձնի ընտրությունների վստահելի դիտարկումը»:

ԱՄՆ-ից հերթական
վատ լուրը` Ալիեւի իշխանության համար

Միացյալ Նահանգների կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր էին մշակել, որը, նրանց կարծիքով, հնարավորություն կտա կանխել հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը: Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների տանը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Էլիոթ Ինգըլը դեռ նամակով դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ներկայացնելով իրենց հեղինակած ծրագրի մանրամասները: Կոնգրեսականները նախ առաջարկել էին հակամարտության կողմերին շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ էին արել ավելացնել շփման գծում իրադրությանը հետեւող ԵԱՀԿ դիտորդների քանակը, ինչպես նաեւ նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն եւ կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: «Այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները»,- նկատել էին կոնգրեսականները:
Այնուհետեւ նրանք ստորագրահավաք էին նախաձեռնել` կոչ անելով գործընկերներին եւս միանալ Ջեյմս Ուորլիքին ուղղված այս նամակին: Կոնգրեսականները կոչ էին անում ԵԱՀԿ-ին, ԱՄՆ պետքարտուղարությանն ու անձամբ համանախագահ Ուորլիքին զերծ մնալ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջեւ արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից: «Կոչ ենք անում ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծի երկայնքով արձանագրված բռնության ցանկացած դեպք: Բացի այդ, ԵԱՀԿ-ի եւ Միացյալ Նահանգների վաղեմի գործելաոճը` կողմերին բռնությունից զերծ մնալուն ուղղված ընդհանուր կոչերը, այդպես էլ չնպաստեցին լարվածության թուլացմանը: Ավելին՝ արհեստական այդ անաչառությունն է՛լ ավելի թեժացրեց կրքերը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինում»,- ինչպես տեղեկացնում էր «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել էին ամերիկացի կոնգրեսականները:

Ռոյսի եւ Ինգըլի նամակին զուգահեռ` Ուորլիքին ուղերձով դիմել էր նաեւ Կալիֆոռնիայից ընտրված եւս մեկ կոնգրեսական` դեմոկրատ Ադամ Շիֆը, որի գնահատականներն առավել խիստ էին: «Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ ձեր հայտարարություններում հայերի եւ ադրբեջանցիների պահվածքում հավասարության կեղծ նշան դնելու միտում կա: Դա առավել ցայտուն կերպով նկատելի դարձավ սեպտեմբերի 4-ի ձեր թվիթերյան գրառման մեջ, որում դուք զետեղել էիք Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ արձակված, բայց չպայթած ականի լուսանկարը` չնշելով, սակայն, որ այն կիրառվել է ադրբեջանական կողմից»,- հայտարարում է Շիֆը: Վերջինս նաեւ հավելել էր, որ չի հավատում, որ հնարավոր է նպաստել խաղաղության հաստատմանը` անտեսելով Ադրբեջանի ռազմատենչության աճն ու շարունակ պնդելով, թե կողմերը հավասարապես են մեղավոր շփման գծի երկայնքով ծագող բռնության դեպքերի համար: «Ագրեսորի մասին բացահայտորեն խոսելու ցանկության բացակայությունն ուղերձ է Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»,- ընդգծել էր կոնգրեսականը:

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, արձագանքելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտումների կանխմանը, հայտարարեց, որ աջակցում է նախաձեռնությանը: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել կարգավորման: «Մենք լիովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի եւ Ինգըլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը եւ հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը եւ հիմք դնում երկարատեւ խաղաղության հաստատմանը»,- ասել էր Ջ. Ուորլիքը՝ հավելելով, որ համանախագահները կողմերին բարձրաձայնել են բոլոր այդ նախաձեռնությունների մասին եւ այսուհետ էլ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման:

ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները արդեն իսկ ողջունել են ամերիկացի համանախագահի հայտարարությունը: «Ուրախ ենք տեսնել, որ Օբամայի վարչակազմը, միանալով կոնգրեսականների նախաձեռնությանը, աջակցում է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղարար առաջարկություններին», – մասնավորապես հայտարարել էր Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
Ուորլիքի նշյալ հայտարարությունն իսկապես ուշագրավ է: Փաստացի այն կարելի է համարել պաշտոնական Վաշինգտոնի կողմից լիակատար աջակցություն կոնգրեսականների կոչին:

Այն դեպքում, երբ Ալիեւի իշխանությունը անհաշտ պայքար է ծավալել արեւմտյան կառույցների դեմ, իսկ երկրի ներսում քայլ առ քայլ բռնատիրություն է հաստատվում, մթնոլորտն, իսկապես, բարենպաստ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար` միջազգային ատյաններում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի իրական պահվածքի վրա լույս սփռելու առումով:

«Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է»

Իսկ Ադրբեջանում արդեն իսկ ի հայտ են գալիս հրապարակումներ, որոնք այդ երկրի իշխանությունների գործելաոճն են արձանագրում, Արեւմուտքի հետ հարաբերությունների ձախողումը: «Ազադլըգ» թերթը «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» իր հոդվածում օրերս այսպես էր իրավիճակը գնահատել` Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանն է, եւ շեշտել էր, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ եւս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձեւավորվել: «Ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից, հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաեւ «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է: Վաղ թե ուշ նա տալիս է իր «օգուտը»,- գրել էր «Ազադլըգ»-ը` հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունը արդեն իսկ զգում է իր վերջի սկիզբը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031