Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս տարի առաջ պետք է բնակարանը ստացած լիներ

Հոկտեմբեր 14,2015 14:00

Մհեր Սահակյանը «Գլենդել Հիլզ» ընկերությունից իր բնակարանն է ուզում
«23.10.2008 թվականին «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության հետ կնքել եմ բնակարանի առուվաճառքի մասին նախնական պայմանագիր, որը օրենքով սահմանված կարգով ստացել է նոտարական վավերացում: Սկսեցի պարտաճանաչ վճարել գումարը: Ընկերությունը պարտավորվել էր բնակարանը հանձնել դեռեւս 2011թ.-ին, ինչը չկատարեց, խնդրեցին, որ հիպոթեքային վարկ վերցնեմ, որպեսզի նրանք ստանան բնակարանի համար անհրաժեշտ ամբողջ գումարն ու ավարտեն կառուցապատումը: Ընդառաջելով նրանց՝ համաձայնեցի, որ կառուցապատումն ավարտեն 2012թ.-ին, հիփոթեքի պայմանագիր կնքեցի հայաստանյան բանկերից մեկի հետ, արդյունքում կառուցապատող ընկերությունը ստացավ ամբողջ գումարը, որը պայմանագրով նախատեսված էր բնակարանի համար: Արդեն 2015թ.-ն է, իսկ ես մինչեւ հիմա փակում եմ հիփոթեքի վարկն ու բնակարանի սեփականության վկայական չեմ ստացել»,- «Առավոտին» ուղղված նամակում գրում է քաղաքացի Մհեր Սահակյանը:

Նրա խոսքերով՝ ավելի ուշ տեղեկացել է, որ իր բնակարանն ընկերությունը գրավադրել է նաեւ մեկ այլ բանկում, ինչի պատճառով էլ չի կարող այդ բնակարանի վկայականը տրամադրել:

Մհեր Սահակյանի խոսքերով՝ ընկերությունից հայտնել են, որ եթե ուզում է իր պահանջած ժամկետում բնակարանը ստանալ, ապա պետք է վճարի երկրորդ բանկի գրավադրման գումարը:

Ինչպես Մհեր Սահակյանն է ասում՝ չի պատրաստվում ընկերության փոխարեն վճարումներ կատարել, քանի որ առանց այդ էլ ինքն ամեն ամիս պարտաճանաչ վճարում է առաջին բանկից վերցված վարկի մայր գումարն ու տոկոսները: Բնակարանը վերցնելու պահանջով նա դիմել է դատարան:

Քաղաքացի Սահակյանի ներկայացմամբ՝ երկրորդ բանկին պարտքը կազմում է 13 հազար դոլար, եւ կարծում է, որ ընկերությունը հեշտությամբ կարող է այդ պարտքը վճարել եւ բնակարանն արգելանքից հանել: Մհեր Սահակյանն ընկերությանը կոչ է անում արագ հանձնել բնակարանն ու զերծ մնալ հետագա անախորժություններից:
«Երկրի ղեկավարությունն ապահով Հայաստանի մասին էր խոսում. եթե կա այդ ապահով Հայաստանը, ապա կարծում եմ՝ այս հարցը շատ արագ կլուծվի: Ներկայումս աշխատում ու սովորում եմ Չինաստանում, չինացի ընկերներիս, որոնք ներկայացնում են թե՛ տեղի գործարար աշխարհը, թե՛ ընդգրկված են կառավարության օղակներում, պատմում եմ ՀՀ-ի մասին, հորդորում եմ ներդրումներ կատարել: Ուղղակի գործընկերներս ու ընկերներս իմանալով դեպքի մասին՝ կմտածեն, որ ՀՀ-ն տեր չի կանգնում նույնիսկ հային, իսկ ինչո՞ւ պետք է տեր կանգնի օտարին»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031