Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը «կուսակցություն է բացում»

Հոկտեմբեր 14,2015 12:00

Այդ քայլը լիովին համապատասխանում է
մեր բնակչության եւ վերնախավի մեծամասնության հոգեբանությանը

«Առաջ գոնե Մոսկվա կար, նամակներ էինք գրում, գնում էինք այնտեղ արդարության էինք հասնում, հիմա ընկել ենք էդ խուժանի ձեռը՝ ոչ արդարություն կա, ոչ խիղճ»։ Ծանոթ տեսակետ է, այնպես չէ՞։ Հայաստանցիների մի քանի տասնյակ սերունդ դաստիարակվել են այն համոզմունքով, որ տեղական իշխանները, որոնք նշանակված են դրսից, ագահ են եւ խաբեբա, բայց նրանք, ովքեր այդ տեղական իշխաններին նշանակել են, նրանք հզոր եւ արդար մարդիկ են, եւ ծայրահեղ դեպքում կարելի է գործերը դասավորել «Տիզբոնում»։
Այդ հոգեբանությունն ունի զանազան դրսեւորումներ։ Նախ՝ Հայաստանի բնակչության մոտ ինչ-որ աղոտ հույս է պահպանվել, որ դրսից կգա ինչ-որ «աչքը կուշտ» հայ մեծահարուստ եւ «էս երկիրը կդզի»։ Դա արտացոլումն է այն խորը հիասթափության, որը հայաստանցիներն ապրում են տեղական ամբողջ վերնախավից։ Այդ աղոտ հույսերին երբեմն փորձում են արձագանքել մեր գործիչները. հիշո՞ւմ եք Լոնդոնից Արմեն Սարգսյանին բերելու եւ նրան «թագավոր կարգելու» փորձերը։ Վերջապես, հավակնություններ ունեցող իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները իրենց գործերը փորձում են դասավորել «չերեզ Մոսկվա»։ Ընդ որում, ընդդիմադիրները Երեւան վերադառնալուց հետո աշխատում են բոլորին համոզել, որ իրենց ընդունել են «համարյա Պուտինի մակադարկով», եւ Մոսկվան իշխանափոխության «դաբրոն տվալ ա»։
Նույն հոգեբանության տրամաբանական շարունակությունն այն է, որ այլ երկրների քաղաքացի հանդիսացող փողատերեր սկսում են Հայաստանում դրսեւորել քաղաքական հավակնություններ։ Դա հնարավոր է դառնում այն պայմաններում, երբ մեր երկրում շատ քիչ կան քաղաքացիներ, որոնք կասեն՝ «սիրելի հայրենակից, քաղաքականությամբ զբաղվելու անդիմադրելի ցանկություն ունես, քեզ փիլիսոփա Սոկրատեսի տեղ ես դրել, դրսեւորիր քո ունակություններն այն երկրում, որի քաղաքացին ես հանդիսանում»։ Հակառակը՝ բնակչության մեծ մասը կարծում է, որ հիմա այդ մեծահարուստը կգա, իր փողերը կբաժանի ժողովրդին, եւ ժողովուրդը կսկսի լավ ապրել։

Արտասահմանում ապրող հայ բիզնեսմենների հավակնությունները երկար պատմություն ունեն եւ սկսվում են դեռեւս Սերժ Ջիլավյանից։ Փող ունենալը եւ բարեգործություններ անելը (իհարկե, փառք ու պատիվ նրանց դրա համար) այդ մեծահարուստների մեջ վստահություն են առաջացնում, որ «էս ազգի համար էդքան բան անելով»՝ նրանք կարող են նաեւ որոշել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։ Նրանք իրավացի են այնքանով, որ ինտելեկտուալ առումով մեր Ազգային ժողովում նստած բիզնեսմեններից ոչնչով պակաս չեն։ Բայց Հայաստանի Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորը բազմաթիվ կապերով կապված է հայաստանյան իրականության հետ, իսկ արտասահմանցու ուղարկածներն ամբողջությամբ արտահայտելու են այլ երկրի շահեր։
Հիմա էլ մոսկվաբնակ Արա Աբրահամյանն է «կուսակցություն բացել»՝ ինչպես որ նրանք բացում են խանութներ, հյուրանոցներ եւ կազինոներ։ Պարզ չի առայժմ՝ Կրեմլի՞ց են նրան հանձնարարել «կուսակցություն բացել», թե՞ այդ գործարարը Հայաստանում ունի իր բիզնես-շահերը։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե որքանով է այդ «ձեռնարկությունը» համաձայնեցված Հայաստանի իշխանությունների հետ։ Շուտով պարզ կդառնա, թե ինչպես է կոչվելու այդ կուսակցությունը՝ ՕԵԿ, «Հայկական վերածնունդ», թե այլ կերպ։ Մի բան կարելի է հստակ ասել՝ այդ կուսակցությունը 2017 թվականի ընտրություններում մեծամասնություն չի ստանա եւ լավագույն դեպքում կդառնա կոալիցիայի անդամ կամ «ոչ իշխանական ուժ»՝ տարբերությունը մեծ չի։ Բոլոր դեպքերում այդ կուսակցությունը մեր քաղաքական ներկապնակում նոր երանգ չի ավելացնի։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց Հայաստանի Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորը բազմաթիվ կապերով կապված է հայաստանյան իրականության հետ, իսկ արտասահմանցու ուղարկածներն ամբողջությամբ արտահայտելու են այլ երկրի շահեր։

    Շատ սխալ կարծիք: Այլ երկրի շահերին ծառայելու համար ամենեւին անհրաժեշտ չէ այլ քաղաքացիություն ունենալ: Նույն այլ երկրին հանգիստ կերպով կարելի է ծառայել ՀՀ քաղաքացու անձնագրով: Հայասատանում ավելի շատ ոչ թե ծառայում են որեւէ երկրի, այլ փորձում են ամեն ինչ ծառայեցնել սեփական շահերին: Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելը դրանցից մեկն է: Ոչ մի հայ չի գժվում այդ այլ երկրի համար: Բայց ցավոք ոչ մի պայման չկա Հայաստանում, որ հայը Հայաստանին կարողանա ծառայել: Հայաստանին` ոչ թե ռեժիմին: Դա ոչ մեկին պետք չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031