Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների գումարները շրջանառած, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի տարադրամի փոխանակման կետերի «պատասխանատու» Արթուր Անդրեասյանը: Վերջինի եւ նրա պաշտպան Մնացական Սարգսյանի բողոքը ներկայումս գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ հոկտեմբերի 27-ին նշանակված է դատական նիստ:
Երեկ Արթուր Անդրեասյանի մորը՝ Փառանձեմ Հակոբյանին է տրամադրվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հինգ հոգանոց հանձնաժողովի որոշումը:
Փառանձեմ Հակոբյանն «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է դիմել դատավորների էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովին, քանի որ դատավարության ընթացքում բազմիցս մեր զրույցների ժամանակ նա դատավորի գործողությունների մասին որեւէ հարցադրում առաջ չի քաշել, եւ ընդհանուր առմամբ, գոհ էր նրանից, պատասխանեց. «Ես բողոքել եմ, առհասարակ, այդ անարդար որոշումների հետ կապված: Ուր դիմել եմ մինչ այդ, ամեն անգամ պատասխանել են՝ թե դատը ցույց կտա, սակայն ամեն ինչ ստացվեց հակառակը: Դատավարության ողջ ընթացքը նորմալ էր, որդիս որեւէ բանում մեղավոր չէր, բայց կրկնվեց էլի նույն անարդար որոշումը: Նախաքննության ընթացքում իրենք իրենց որոշել էին նույն սցենարը. ստիպեցին դատավորին, որովհետեւ մինչ այդ հայտնի էր նրա դիրքորոշումը: Նա դատախազ Երիցյանին քանիցս ասում էր. «Որտեղ Անդրեասյանը մեղավոր չի, մի կրկնի»: Իսկ դատախազն ասաց. «Թող դատարանը որոշի»: Դատարանն էլ ստիպված անարդար դատավճիռ կայացրեց»:
Փառանձեմ Հակոբյանն ասաց, որ որոշումը կայացվել է հոկտեմբերի 5-ին: Զրուցակիցս պահանջել էր, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի դատավորի դեմ, ինչը հանձնաժողովը մերժել է:
Ա. Անդրեասյանի մայրը նշել էր, որ դատավորն արդարադատություն իրականացնելիս խախտել է մի շարք նորմեր, մասնավորապես՝ դատավարական:
Հանձնաժողովը մեջ էր բերել 2007թ. հոկտեմբերի 12-ին Արդարադատության խորհրդի որոշումներից մեկից այս հատվածը. «Օրենքի նորմերի կոպիտ եւ անհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտմանը խոչընդոտելուն եւ ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ եւ օրինական որոշման կայացմանը»:
Ըստ հանձնաժողովի՝ դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական նորմերի էական, անվիճելի եւ անհերքելի խախտումներ:
Փառանձեմ Հակոբյանը երեկ իր հերթական նամակը հանձնեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Այս նամակում էլ բարձրաձայնվում է այդ գործով մեղադրանքը պաշտպանած դատախազի՝ Արթուր Երիցյանի գործողությունների անաչառության հարցը:
«Այո, դատաքննությունը ցույց է տվել, որ որդիս մեղավոր չի, նա միայն տոկոսներով միջոցներ է վերցրել եւ բացել է աշխատատեղեր, հանդիսանալով «արդարադատության» համար խայծ՝ որոշ անբարեխիղճ մարդկանց համար: Եթե այդպես է, ցանկացած ՀՀ քաղաքացի ունի տոկոսով վերցված միջոցներ, բոլորին ձերբակալեք եւ գցեք բանտերը»,- գրել է մեղադրյալի բողոքաբեր մայրը:
Ըստ նրա, ցանկացած անարդար որոշում հասնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի առաջ պատասխան է տալու Հայաստան պետությունը՝ ստիպված լինելով վճարելու իր դատարկ բյուջեից:
Գլխավոր դատախազից Արթուրի մայրը խնդրել է մանրամասն ծանոթանալ քրեական գործի նյութերին, կանխելու համար ծանր հիվանդությամբ տառապող որդու ճակատագրին սպառնացող վտանգը:
Տեղեկացնենք, որ 1 տարի 2 ամիս է, ինչ Արթուր Անդրեասյանը պահվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.10..2015