Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ երիտասարդները շատ դինամիկ են ու ճկուն մտքով»

Հոկտեմբեր 14,2015 13:00

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ
ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը նման տպավորություն է ստացել

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Ժան-Մարկ Լավեստը:

«Առավոտը» նորանշանակ ռեկտորից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաքելությամբ է եկել Հայաստան եւ հատկապես ի՞նչ առաջնահերթությունների վրա է կենտրոնանալու: «Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնը համաձայնեցված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի իշխանությունների կողմից: Ռեկտորի առաջին առաքելությունը ուսումնական հաստատությունը ղեկավարելն է, մի հաստատություն, որը տալիս է բակալավրիական եւ մագիստրոսական կրթություն, կրկնակի պետական, հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցաբար: Համալսարանի մյուս առաքելությունը միջազգային կապերը զարգացնելն է տարածաշրջանի երկրների հետ: Գիտեմ, որ Հայաստանում գործում են Սլավոնական, Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանները, իսկ ես ուզում եմ, որ Ֆրանսիական համալսարանը միջազգային ասպարեզում ճանաչելի լինի: Ուզում եմ շեշտել, որ մենք պարզապես դիպլոմներ չենք տալիս, ցանկանում ենք, որ ուսանողները որակյալ կրթություն ստանան եւ կարողանան արագ աշխատանքի անցնել»,- ասաց ռեկտորը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին, պարոն Լավեստը նշեց. «Շատ հպարտ եմ, որ կոնֆերանսն անցավ Հայաստանում եւ բարձրացվեցին կարեւորագույն հարցեր: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի շուրջ 1 մլրդ ֆրանկոֆոններ, եւ Ֆրանկոֆոնիայի նպատակը ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի տարածումն է: Այս առումով շատ կարեւոր է, թե Հայաստանում ինչ է արվում այդ համատեքստում»:

Ֆրանսիական համալսարանում գործում է Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոն, որը համապատասխան ցանցի հայաստանյան մասնաճյուղն է, ի՞նչ է դա տալիս բուհին: Այս հարցին ի պատասխան՝ Ֆրանսիական համալսարանի ռեկտորը հայտնեց. «Ես հպարտ եմ, որ այդ ամբիոնը գործում է մեր համալսարանում, որովհետեւ աշխարհի ոչ բոլոր համալսարաններում կա նման կառույց: Սենգորի ամբիոնը թույլ է տալիս անդամակցել մյուս համալսարանների ցանցին: Սենգորի ամբիոնը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է»:

Իսկ ինչպիսի՞ տպավորություն է ստացել համալսարանից եւ Հայաստանից այս օրերի ընթացքում: «Մի քանի օր է՝ Հայաստանում եմ, եւ իմ տպավորությունները Հայաստանի ու համալսարանի մասին դեռ շատ աղքատիկ են: Չնայած առաջին տպավորությամբ նկատել եմ, որ ձեր երկրում երիտասարդները շատ դինամիկ են, համալսարանում հանդիպած մարդկանց միտքը ճկուն է, ջերմ մթնոլորտ է տիրում, ուսանողները լեզվական հրաշալի որակներ ունեն: Կարծում եմ՝ համալսարանում անելիքներ ունեմ՝ այն պրոֆեսիոնալ առումով էլ ավելի բարձր հաստատություն դարձնելու համար: Երբ համաձայնեցի զբաղեցնել այս պաշտոնը, գիտեի, որ մի քանի տարի Հայաստանում եմ անցկացնելու: Շուտով ընտանիքս էլ կտեղափոխվի այստեղ, եւ ես լիարժեքորեն կնվիրվեմ գործին:

Որպեսզի համալսարանը միջազգային ասպարեզում ավելի մեծ հեղինակություն ունենա, ես կարեւորում եմ այստեղ գիտական կենտրոնի ստեղծումը: Քանի որ Հայաստանում կան շատ բանկեր ու ապահովագրական ընկերություններ, համալսարանն էլ համագործակցություն ունի այդ ընկերությունների հետ, գտնում եմ, որ հենց այդ ոլորտների հետ կապված գիտահետազոտական կենտրոն պետք է հիմնել»,- ասաց պարոն Լավեստը:
Մեր զրույցի ընթացքում նա խոսեց նաեւ իր անցած մասնագիտական ուղու մասին: Հայտնեց, որ մինչեւ Հայաստան ժամանելը եղել է համալսարանի փոխնախագահ, ղեկավարել է համալսարանական տեխնոլոգիական ինստիտուտ, ինչպես նաեւ բարձրագույն ինժեներական դպրոց եւ պատրաստել այլ դպրոցի հետ դրա միավորումը: «Ես բավականաչափ փորձ ունեմ եւ կփորձեմ էլ ավելի զարգացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ որպես եվրոպական որակի բուհ: Նաեւ միջազգային ծրագրեր եմ իրականացրել կրթական ոլորտում, աշխատել եմ ասիական երկրներում: Իմիջիայլոց, երբ ամեն անգամ օտար երկիր եմ գնում, անպայման նոր բան եմ սովորում, հուսով եմ, որ Հայաստանում էլ նոր գիտելիքներ են սպասվում: Հավելեմ, որ հոկտեմբերի 16-ին համալսարանում ունենալու ենք «բաց դռների օր», պատրաստ ենք սիրով հյուրընկալել Ֆրանսիական համալսարանում սովորելու ցանկություն ունեցողներին եւ նրանց ծնողներին ու ներկայացնել մեր հաստատությունը: Ընտանիքները վստահում են մեր համալսարանին եւ մենք պարտավոր ենք արդարացնել այդ վստահությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռեկտորը նշեց, որ Ֆրանսիական համալսարանի՝ մշակութային գեղեցիկ միջոցառումներ իրականացնելու ավանդույթն էլ կպահպանվի. «Մենք սերտ համագործակցության մեջ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ու հայ գործընկերների հետ եւ նրանց մշակութային միջոցառումների համար հատկացնում ենք տարածք, ռեսուրսներ, նման միջոցառումներն անշուշտ նպաստում են Ֆրանսիական համալսարանի հեղինակության բարձրացմանը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031