Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր արարքներ՝ նաեւ մշակույթում

Հոկտեմբեր 14,2015 12:30

Աշխարհում քրեական որոշ բացահայտումներ հանրությանն են ներկայացվում տարիներ, նույնիսկ տասնամյակներ անց, հեռուստա-ռադիո եւ այլ լրատվամիջոցների կողմից: Մշակութային ոլորտում նման քրեական դեպքեր մեզ այնքան էլ հայտնի չեն: Լայն ընթերցողը միայն ծանոթ է Սալիերիի կողմից Մոցարտի թունավորման գործին: Մեր օրերում էլ է նման մի բան եղել՝ տարիներ առաջ Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ֆոմինի դեմքին բալետային խմբի արտիստներից մեկը ծծմբաթթու լցրեց:

Երբ օրերս Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթեւոսյանը, «Առավոտը» մտաբերեց մի արարք այս կոլեկտիվի հանդեպ, որը ոչ պակաս հանցավոր է՝ առանց որեւէ հիմնավորման 1980-ականների վերջերին ռադիոյի եւ հեռուստատեսության որոշ կոլեկտիվներ ընդհանրապես լուծարվեցին, իսկ Ա. Մերանգուլյանի անվան անսամբլում տեղի ունեցան կրճատումներ: Կրճատվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ, ժողովրդական երգի տիրամայր Օֆելյա Համբարձումյանը,  Հովհաննես Բադալյանը, քամանչահար, վաստակաշատ երաժիշտ Նորայր Հովհաննիսյանը, անսամբլի ղեկավար Մանվել Բեգլարյանը, Արտեմ Մեջինյանը… մի խոսքով՝ 17 ճանաչված արվեստագետ: Ինչպես «Առավոտին» հայտնեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, տեսնելով չինովնիկների կողմից գործընկերների հանդեպ տածած վերաբերմունքը, Ռուբեն Մաթեւոսյանը ինքնակամ հեռացավ կոլեկտիվից: Նա 1992թ. ստեղծեց «Աստղեր» անսամբլը, բնականաբար, հրավիրելով ռադիոյից դուրս մնացած իր գործընկերներին եւ ղեկավարելով մինչեւ 1996թ., համերգներով հանդես եկավ ոչ միայն Հայաստանում, այլեւ շուրջ 10 երկրներում: Եվ միայն 1990-ականների կեսերին (եթե չենք սխալվում) Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը ստանձնելով՝ Արմեն Ամիրյանը սիրված երգչին հրավիրեց անսամբլ՝ իբրեւ գեղարվեստական ղեկավար: Սերգեյ Առաքելյանը մեզ հետ զրույցում հիշեց. «Երբ Ռուբենը ինքնակամ հեռացավ ու կանգնեց իր հեռացված ընկերների կողքին, Տաթեւիկ Սազանդարյանն ասաց՝ Ռուբիկ, դու ոչ միայն հայ երգի ասպետ ես, այլեւ մշակույթի ասպետ, իսկ եթե կուզես իմանալ՝ ասպետ՝ բառի իսկական իմաստով»:

Հավելենք, որ Արամ Մերանգուլյանի անվան անսամբլը, որ հիմնադրվել է 89 տարի առաջ, Հայաստանի առաջին պետական կոլեկտիվն է: Հիշեցնենք, որ տարբեր ժամանակներում այն ղեկավարել են հայկական երաժշտարվեստի երախտավորներ, կոմպոզիտորներ, հիմնադիր Արամ Մերանգուլյանը, Ստեփան Ջրբաշյանը, Խաչատուր Ավետիսյանը, Արմեն Մանդակունյանը, Մանվել Բեգլարյանը: 1996-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Մաթեւոսյանը: Մինչ օրս ժողովրդական, աշուղական եւ կոմպոզիտորական արվեստի ստեղծագործություններ պրոպագանդող մերանգուլյանական անսամբլի մասին շատերը թյուր ընկալում ունեն: Հանդիսականը չգիտի, որ անսամբլը ի սկզբանե ստեղծված է ձայնագրություններ իրականացնելու նպատակով եւ նրանից լայն համերգային գործունեություն հարկավոր չէ պահանջել: Ի դեպ, անսամբլի հետ ձայնագրություններ են իրականացրել անվանի երգիչներ Գոհար Գասպարյանը, Հայկանուշ Դանիելյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Շարա Տալյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը… Իսկ այսօր ռադիոյի ոսկե ֆոնդում պահվում են ոչ միայն թվարկած երգիչների, այլեւ անսամբլի հետ համագործակցած անկրկնելի Արաքսի Գյուլզադյանի, Շողիկ Մկրտչյանի, Վաղարշակ Սահակյանի եւ ժողովրդական ու աշուղական երգարվեստ քարոզող մյուս անվանի կատարողների ձայնագրությունները: Նկատենք, որ ռադիոյի ֆոնդը պարզապես աղքատ կլիներ առանց մերանգուլյանական անսամբլի ու վերջինիս հետ ձայնագրված մենակատարների ձայնագրությունների:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Սիրելի Սամվել, Հայաստանում ժողովրդական նվագարանների առաջին պետական կոլեկտիվը կոմպոզիտոր Բունու ղեկավարած ,,Արևելյան երաժիշտներ,, անսամբլն էր՝ ստեղծված Լենինականում, 1925 թվականին…

  2. Սերինե says:

    Լևոն, կլինի՞ դու քո թատերագիտությամբ զվաղվես: Ասլիբեկյանից շատ բաներ ունես սովորելու:

  3. Վարդան Ամիրխանյան says:

    Երանի Լևոնի համբերությունն ունենայի… էս չկայացածներն ինչքան են ուզում էդ մարդու միջոցով կայանալ: Տեսնում են, չի արձագանքում, ավելի են կատաղում: Թեթև տարք: Լևոնը մեծ երևույթ է, ձեր ներկայությնունը չի զգում:

  4. Դանիել Երաժիշտ says:

    Ափսոս,նույն ժամանակաշրջանում լուծարեցին նաև Ռադիոհեռուստատեսության««ՇԱՐԱԿԱՆ«,անսամբլը:

  5. Լևոն Մութաֆյան says:

    Հարգելի Վարդան, չգիտեմ ով եք, բայց շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ: Իսկապես, չեմ զգում դրանց գոյությունը: Չեմ ատում, չեմ արձագանքում,պարզապես արհամարհում եմ: Մեծերից մեկն ասել է՝ ,,Ավելի լավ է խոր ատել, քան՝ արհամարհել,,…

  6. Սերինե says:

    Հա դե քեզնից մենակ ատելություն է հորդում: Վարդանն էլ ինքդ ես:

  7. Սերինե says:

    Ասլիբեկյանից իրոք բարություն պետք է սովորել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031