Օրեր առաջ Առավոտն այցելեց Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ներկայացնենք մանրամասներ այդ այցից:
«Թումոն» Գյումրի մտավ մայիսի 25-ին, բայց կենտրոնի աշխատանքները սկսվեցին աշնանը` սեպտեմբերի 7-ին:
Այսօր արդեն «Թումոն» գյումրեցի պատանիների ամենասիրելի վայր է:
Առավոտի հետ զրույցում նրանք պատմեցին իրենց ներկայի եւ տեխնոլոգիական ապագայի մասին:
Գյումրեցի թումոյական 17 տարեկան Մարտին Մկրտչյանը մեծ ցանկություն ունի ստեղծել կայքեր: Թեեւ դեռ չի որոշել, թե ինչ բովանդակության, կոնկրետ ինչ լսարանի համար են դրանք լինելու, բայց արդեն ուսումնասիրում է կայքերի պատրաստման ձևերը.
«Թումոն մեծ հնարավորություններ է ընձեռում երեխաներին: Նման կրթություն ստանալը անհրաժեշտություն է: Մեծ ծավալի աշխատանք է տարվում այս ոլորտում, պետք է պարտադիր ունենալ խորը գիտելիքներ»:
Նա համոզված է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրեն կօգնի ավելի շուտ մասնագիտանալ և առաջիկա տարիներին հաստատ կունենա իր նախագծած կայքը:
Վրեժ Գրիգորյանն էլ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ծրագրավորող դառնալ.
«Հիմա ամեն ինչ կախված է համակարգիչներից: Թումոյում վարժանքների ժամանակ սովորել եմ անիմացիա՝ ինչպես նկարել ֆիլմեր եւ այլն»:
14 ամյա թումոյականը ցանկանում է աշխատել Մայքրոսովթում, կամ Վայբերում, իր տեխնոլոգիական ապագան պատկերացնում է Եվրոպայում, վստահ է, որ իր մոտ դա կստացվի:
Իսկ Սեդան, ով 15 տարեկան է, միակ թումոյականն է, ով ցանկանում է լրագրող դառնալ, չնայած դրան, IT ոլորտի անհրաժեշտությունը գիտակցելով, արդեն այսօր պատրաստ է բացահայտել տեխնոաշխարհի գաղտնիքները.
«Թումո այցելելուց եւ վարժանքները լրիվ հաղթահարելուց հետո ցանկանում եմ մասնագիտանալ ծրագրավորման ոլորտում, քանի որ մեր օրերում շատ արդիական է այդ աշխատանքն ու պահանջված»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ