Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Մանուկյան. «Արծվիկ Մինասյանի ասածը բոլորովին տեղին չեմ համարում»

Հոկտեմբեր 13,2015 21:35

Հրայր Մանուկյանը շատ լավ է կարդացել «Ժառանգություն» կուսակցության այդ փաստաթղթերը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների եւ «Ոչ»-ի ճակատի մասին, ինչպես նաեւ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանին խորհուրդ է տվել:

«Ես կխնդրեի, որ Դուք՝ Հրայր ջան, «Ժառանգության» ուխտը Նոր Հայաստանի կարդաք, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ դուք սահմանադրական փոփոխություններ պետք է նախաձեռնեք, ձեր կուսակցությունը ի նկատի ունեմ, որ պառլամենտական կառավարման ձեւին պետք է անցնեք, համամասնական ընտրակարգ պետք է դնեք»,- ասել է նա:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Հրայր Մանուկյանի հետ: Վերջինս ասաց, որ շատ լավ տեղյակ է «Ժառանգության» ուղերձի, ծրագրի, կանոնադրության, անցած տարիների ընթացքում բոլոր հայտարարությունների մասին. ««Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Հայաստանում պառլամենտական կառավարական համակարգին, սակայն այն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը այս պահին կառավարությունը ներկայացրել է, շատ քիչ առնչություն ունի պառլամենտական կառավարման համակարգ կոչվածի հետ: Որովհետեւ առաջինը՝ այս փոփոխություններով նախատեսված համակարգը, ըստ էության, սահմանադրական երաշխիքներ է ապահովում Հայաստանում միակուսակցական քաղաքական համակարգ ստեղծելու համար, եւ իրականում, շատ ավելի նման է խորհրդային ժամանակների համակարգին, երբ որ 1 կուսակցությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում ամբողջ քաղաքական դաշտում, քան թե պառլամենտարիզմին»:

Նա նշեց, որ ներկայացուցչականությունը պառլամենտարիզմի թիվ 1 սկզբունքներից մեկն է, եւ երբ 89-րդ հոդվածով ամրագրվում է, որ անպայման պետք է Ազգային ժողովում մեծամասնություն լինի, ըստ նրա՝ այդպես ներկայացուցչականության սկզբունքը ամբողջությամբ խեղաթյուրվում է:

«Սահմանադրությունը, որը որ ներկայացված է, որեւէ առնչություն չունի պառլամենտարիզմի «Ժառանգություն» կուսակցության այն պատկերացումներին, որի մասին մենք միշտ խոսել ենք: Այս պահի դրությամբ այդ փոփոխությունները իրականացնողների մղումները ազնիվ չեն, ինչը ցույց տվեց այդ ամբողջ գործընթացը: Նույնիսկ հիշում եք՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգության» անունից հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ եւ կոնկրետ 5 կետ էին նշել, որոնցից ոչ մեկը հաշվի չի առնվել: Գործընթացն ինքնին գնաց այն տրամաբանությամբ, որը որ մեզ հստակ ցույց է տալիս, որ նպատակը ոչ թե Սահմանադրությունը բարեփոխելը, լավացնելն է, այլ նպատակը Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի մենաշնորհը Հայաստանի քաղաքական համակարգում հաստատելն է»,- ասաց նա:

Հրայր Մանուկյանը ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցության փաստացի անդամ է  2007 թվականից եւ շատ լավ է կարդացել «Ժառանգություն» կուսակցության այդ փաստաթղթերը. «Արծվիկ Մինասյանի ասածը բոլորովին տեղին չեմ համարում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031