Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

Հոկտեմբեր 13,2015 20:10

Հոկտեմբերի 8-ից 11-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ:

Հոկտեմբերի 8-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին ՊԲ զորամասներից մեկը, զրուցեցին զինվորների հետ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին, ծառայողների առօրյային և ներկա գտնվեցին զորավարժության:

Նույն օրը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Արցախի Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, ներկայացրեց երկրի ձեռքբերումներն օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական և այլ խնդիրների համատեքստում։

Վարչապետ Արայիկ Հարությունյանն ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին` ընդգծելով Արցախի տնտեսության առջև դրված առաջնայնությունները:

Նույն օրը՝ երեկոյան, Դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունը դարձել է ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նա բարձր գնահատեց

Դիվանագիտական դպրոցի և Արցախի տարբեր գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրներին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի և երկրաբանության թանգարաններ:

Ստեփանակերտում վերաբացված «Ղարաբաղ կարպետ» ընկերությունում ունկնդիրները ծանոթացան տեղական հումքից արցախյան հայտնի ձեռագործ գորգերի պատրաստման ողջ ընթացքին:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին նաև Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Տիգրանակերտի թանգարան և ծանոթացան մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` 2008թ.-ից իրականացվող պեղումների արդյունքներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031