Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ համաձայնագիրը պատմության մի մաս է, որին ծանոթանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները
Վարչական դատարանում հոկտեմբերի 13-ին դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության գործով դատական նիստ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը բերել է տեղեկանք, ըստ որի նախարարի հրամանով բոլոր միջազգային պայմանագրերը դասվում են ծառայողական գաղտնիքի ցանկին. «Մենք պնդում ենք, որ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը նախագիծ չէ, ինքը վաղուց արդեն պատմություն է, պատմական փաստաթուղթ է, եւ մենք ուզում ենք դա տեսնել: Բացի այդ՝ մենք ասում ենք, որ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը երբեւիցե չի կարող դառնալ բանակցային գործընթացի առարկա, որովհետեւ Հայաստանը արդեն ԵՏՄ անդամ է եւ իրավունք չունի նման պայմանագրեր ստորագրել»:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ կողմը մտադիր է ապացուցել, որ համաձայնագիրը նախագիծ չէ, պատմության մի մաս է, որին ծանոթանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները. «Արտգործնախարարության ներկայացուցիչը շարունակում էր պնդել, որ հայցը պետք է մերժվի, որովհետեւ այդ տեղեկատվությունը գաղտնի է, բայց մենք ասում ենք, որ այդ տեղեկատվությունը չի կարող գաղտնի լինել, որովհետեւ իրենից նախագիծ չի ներկայացնում»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 2014թ. դեկտեմբերի 20-ի դիմումին ի պատասխան մերժել է հայցած տեղեկությունների տրամադրումը, եւ պատասխանում չի նշել մերժման հիմքում ընկած օրենքը եւ բողոքարկման կարգը:
Հասաարակական կազմակերպությունը պահանջում է վճարված պետական տուրքը պատասխանողից հայցվորի օգտին բռնագանձել, պատասխանողին նշված հարցմամբ պահանջված տեղեկությունների ստացման իրավունքը վերականգնել՝ պարտավորեցնելով տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ