Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման էկումենիկ արարողությունը:
Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ խաչքարը վառ կպահի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործության անմեղ զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև
Իր խոսքում քաղաքապետ Քուլը նշեց, որ, ինչպես ԳԴՀ նախագահն է ասել այս տարի ապրիլի 23-ին, պետք է պատմության հետ առերեսվել և իրականությունից չխուսափել: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սերունդների համար հարթել խաղաղ և հաշտ ապագա»,- հավելեց քաղաքապետը:
Արարողության ավարտին Աշոտ Սմբատյանը գրառում կատարեց Լեեր քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
ՀՀ ԱԳՆ