«Ծանուցագիրը ստանամ, կգամ, խնդիր չկա»
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ քննվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հայցը:
Գործով երկրորդ պատասխանողն է «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ն, սակայն կողմը դեռ չի ներկայացել դատարան: Դատավոր Նախշքարյանը նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարել էր, թե դատարանը ծանուցել է կողմին, սակայն նամակները վերադարձվել են, դատարանը փորձել է ծանուցել նաեւ էլեկտրոնային եղանակով:
Նույն դատական նիստի ընթացքում Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտարարել էր, որ թեեւ հրապարակվածը զրպարտություն չէ, բայց լրատվամիջոցը խեղաթյուրել է իր վստահորդի խոսքը:
Կարդացեք նաև
Այս մասին Aravot.am-ը զրուցեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ:
«Ես պատրաստ եմ դատարան ներկայանալ, եթե ծանուցագիր ստանամ, բայց ես տանը շատ ուշ եմ լինում՝ առավոտյան ժամը 7-ին տնից դուրս եմ գալիս, մինչեւ 1-ը, 2-ը, նոր գալիս եմ: Հետեւաբար՝ եթե ծանուցագիր չեմ ստացել, անպոչ գդալի նման գնա՞մ դատարան»,- ասաց նա:
Մեր նկատառմանը, որ այդ մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, Գագիկ Շամշյանն ասաց. «Տեղեկանում եմ, խի՞ չեմ տեղեկանում, երեկ էլ եմ նյութը կարդացել, բայց դա չի նշանակում, որ ես պետք է առանց ծանուցագրի գամ դատարան: Ծանուցագիրը ստանամ, կգամ, խնդիր չկա»:
Անդրադառնալով Գրիշա Բալասանյանի հայտարարությանը՝ Գագիկ Շամշյանն ասաց, որ չի կարող հարցին պատասխանել, մինչեւ ձայնագրությանը չծանոթանա. «Նյութը գրել է մեր լրագրողը, ես էլ թողարկել եմ: Ես լրագրողի հետ պետք է խոսեմ, իսկ լրագրողը գտնվում է Արցախում՝ սահմանում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է սահմանային իրավիճակը, քան Տիգրան Սարգսյանի դատել-չդատելու հարցը»:
Հիշեցնենք՝ ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես՝ Փայլակ Հայրապետյանը նշել է, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ