Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին: Այս տեղեկությունը հաղորդել է Moscow-Baku.ru կայքը:
ԿԽՄԿ պաշտոնյան նշել է, որ հասկանում է ադրբեջանական կողմի անհանգստությունը գերեւարված կամ անհայտ կորած անձանց հարցերով եւ նշել է, որ այդ մարդկանց ընտանիքները իրավունք ունեն իրենց հարազատների մասին տեղեկատվություն ստանալ: Նա նաեւ հույս է հայտնել, որ 2014 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում այս հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն այս գործընթացում առաջխաղացում գրանցելուն:
Էլմար Մամեդյարովն էլ իր հերթին ասել է, որ 4.000 ադրբեջանցիներ պաշտոնապես կորած են համարվում: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային կազմակերպությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղում ազատազրկված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին Ադրբեջան վերադարձնելու համար
Մամեդյարովը նաեւ անդրադարձել է սիրիահայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելու դեպքին եւ նշել, որ դա հակասում է միջազգային հումանիտար իրավունքին եւ այդ հարցով ԿԽՄԿ-ն պետք է հետաքննություն անցկացնի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ