Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ում մտահոգված են մամուլի ազատության առումով Թուրքիայում և Ադրբեջանում տիրող իրավիճակով

Հոկտեմբեր 13,2015 17:16

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց «Մամուլի ազատություն. Ժողովրդավարության ապահովման համար նախապայմա՞ն» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը (ԵԽ): Ստրասբուրգ են ժամանել ԵԽ անդամ երկրների մամուլի, դատական համակարգի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, որոնց մտահոգությունները հիմնականում այն մասին են, թե որտեղ է սահմանափակվում մամուլի ազատությունը և որտեղ սկսում ատելության խոսքը, ամենաթողությունը և վիրավորանքը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն ասաց. «Մամուլի ազատություն չէ այն, երբ նացիստները հրեաներին նսեմացնող մուլտֆիլմեր են տարածում, որտեղ հրեաները ներկայացված են Վիեննայի փողոցներում ծնկի եկած իբրև ստրուկներ: Մամուլի ազատություն չէ այն, որ Բրիտանիայի ազգային կուսակցության հետևորդները պաստառներ են փակցնում «Իսլամ, դուրս Բրիտանիայից» մակագրությամբ»:

Պարոն Յագլանդն իր խոսքում որպես մամուլի ազատության սահմանափակում հիշեցրեց նաև այն, որ Թուրքիայի իշխանությունները փակել էին թվիթերը, սոցիալական ցանցերը ու շեշտեց, որ նման փաստերը լուրջ մտահոգության առարկա են»: Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահ Զուհթու Արսլանը այս առիթով հայտարարեց, որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ որոշումը: Դառնալով մտահոգություններին՝ ասաց. «Թուրքիայի սահմանադրական դատարանի երկու որոշումները՝ յութուբի և թվիթերի արգելափակման վերաբերյալ խոսում են այն մասին, որ սոցիալական մեդիան ևս մամուլի ազատության ապահովման երաշխավորն է»:

Մտահոգություններ հնչեցին նաև այն մասին, որ այսպես կոչված քննադատական լրագրությունը միշտ կոշտ հակահարված է ստանում տվյալ երկրի իշխանությունների կողմից: Այս առիթով լրագրող Ռոշուա Ռոզենբերգը տեղեկացրեց, որ իրենց երկրում՝ Մեծ Բրիտանիայում, նույնիսկ մի օրենսդրական նախաձեռնություն է դրվելու շրջանառության մեջ, որը օգտագործվելու է այն ծայրահեղականներին պատժելու համար, որոնք տարբեր տեսակի սպառնալիքներ են հնչեցնում սոցցանցերում քննադատական հրապարակումներով հանդես եկող ազատամիտ երիտասարդների դեմ»:

Նշված մտահոգությունների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անգլիացի դատավոր Անգելիկա Նուսբերգերն ասաց. «Մենք ունենք սահմանափակ լիազորություններ այս հարցերի լուծման առումով, միայն կարող ենք տվյալ օրենքի վերաբերյալ այո կամ ոչ ասել»:

ՄԻԵԴ-ում թուրք դատավոր Իսիլ Կարակասը Թուրքիայի օրենսդրության վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց. «Մեր նախադեպային իրավունքի համաձայն՝ սահմանափակվում է քաղաքական գործիչների նկատմամբ քննադատությունը: Դրա արդյունքն է այն, որ 236 մարդիկ հետաքննվել են, նրանցից 8-ը դատապարտվել»:

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն էլ շեշտեց, թե «Ավելի ու ավելի շատ երկրներ են տարիների ընթացքում կանգնում այս խնդրի առաջ», այնուհետև զգուշացրեց. «Իհարկե, մենք ունենք մանդատ հերթով թվարկել այդ երկրների անունները և նրանց ամոթանք տալ, բայց դեռ գնում ենք աջակցություն տրամադրելու ճանապարհով»:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հիշեցրեց, որ Ադրբեջանում այս առիթով իրավիճակը մտահոգիչ է. «Մամուլի ազատության սահմանափակման վեց դեպք կա, իմ բոլոր ընկերները այս ոլորտի բանտերում են»:

Նշենք, որ գիտաժողովը շարունակվում է. փորձագետները քննարկում են էթիկական լրագրությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031