Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանից 249.4 հազար դոլարի արվեստի գործեր են արտահանվել

Հոկտեմբեր 13,2015 16:51

Aravot.am-ը արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանից (լուսանկարում) մեկնաբանություն խնդրեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այն տվյալների վերաբերյալ, ըստ որոնց՝ 8 ամսում Հայաստանից արտահանվել է 249.4 հազար դոլարի արվեստի ստեղծագործություն: Խոսքը, մասնավորապես, հունվար-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածի մասին է: Նույն աղբյուրի համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 5 անգամ, քանի որ 2014 թ. Հայաստանից արտահանվել են 1 մլն 617.2 հազար դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ:

Պարոն Կարոյանը նշեց, որ իր համար պարզ չէ, թե այդ թվերն ինչպես են հաշվարկված, բայց մի բան հաստատ է՝ արվեստի արտադրության իմաստով իսկապես կրճատում կա, արվեստագետները քիչ են աշխատում. «Համենայն դեպս, այն արվեստը, որով ես եմ հետաքրքրվում, տարեցտարի պակասում է, արտադրությունը կրճատվում է, արվեստագետները քիչ են կարողանում աշխատել: Դա աչքի առաջ է տեղի ունենում, իսկ վաճառքը իմ աչքի առաջ տեղի չի ունեցել»:

Արվեստի քննադատը արվեստի շուկայում տեղի ունեցող գործընթացները պայմանավորում է ընդհանուր տնտեսության ճգնաժամով, ասում է՝ եթե արվեստը չի շրջանառվում, պահանջարկ չկա, արտադրություն էլ բնականաբար չկա. «Տնտեսական օրենքներ արվեստում էլ են գործում: Թե այդ ընթացքում արվեստագետի մեջ ի՞նչ է տեղի ունենում, երբ նա չի ստեղծագործում, ուրիշ խնդիր է, եւ այլ տեսակի հետազոտությունների պահանջ կա դրա համար: Ամեն դեպքում՝ կարող եմ փաստել, որ արվեստի տնտեսությունը ճգնաժամի մեջ է»:

Պարոն Կարոյանը օրինակներ էլ բերեց՝ արդեն հաստատված շուկա ունեցող որոշ արվեստագետներ, որոնք մշտապես գեղանկարներ են վաճառել, այժմ իրենից հետաքրքրվում են տարբեր դրամաշնորհների հետ կապված մրցույթներով: «Դա չլսված բան է, որ գեղանկարիչը, որը որոշակի դիրք է գրավել արվեստի դաշտում, հետաքրքրվի դրամաշնորհներով, որոնք էքսպերիմենտալ քննադատական արվեստի համար են: Դա նշանակում է, որ նրանք կրում են շուկայի ճնշումները: Երեւի ձեր նշած թվերը ինչ-որ առումով արտացոլում են իրավիճակը, բայց միեւնույն է՝ ինձ համար հետաքրքիր է այդ թվերի ստացվելու կարգը»,-ասաց Նազարեթ Կարոյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նազարեթ Կարոյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031