Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կը խայտայ» համանուն գրքի ներկայացման վերաբերյալ:
Բանախոսներն էին՝ թուրք գրող Քեմալ Յալչընը, ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը, դերասաններ Հովհաննես Ոսկերչյանը և Արթուր Կարապետյանը:
Ողջունելով ներկայացման ստեղծագործական խմբին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը արժևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրականացվող այս ձեռնարկը և նշեց.«Հայ հասարակությունը շատ երկար է սպասել, որ թուրք մտավորականները իրենց ձայնը բարձրացնեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, ինչը հույս է արթնացնում, որ թուրք ժողովուրդը մի օր կճանաչի ցեղասպանությունը և կառերեսվի սեփական պատմության հետ: Այս համատեքստում կարևոր է Քեմալ Յալչընի դիրքորոշումն ու հասարակական գործունեությունը: Վերջինս 18 գիրք է հրատարակել, որից 8-ը նվիրված է հայերի, հույների, ասորիների ցեղասպանությանը: Ողջունում եմ թատերախմբին՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար և լիահույս եմ, որ ներկայացումը կցուցադրվի տարբեր երկրներում՝ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելով, որ այսօր արդեն բազմաթիվ թուրք մտավորականներ սկսել են բարձրաձայն խոսել քսաներորդ դարի առաջին Ցեղասպանության մասին»:
Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը ծրագրին աջակցելու համար ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը նշեց. «Մենք շատ ենք խոսել Ցեղասպանության մասին, բայց երբ թուրք գրողն է խոսում այդ մասին, այն էլ փաստերի լեզվով դա արդեն ձեռքբերում է: Քեմալ Յալչընը անձամբ հանդիպել է ծպտյալ, կրոնափոխ հայերի, Ցեղասպանությունը վերապրածների հետ, ովքեր պատմել են այդ տարիներին և դրանից հետո իրենց հանդեպ իրականացրած հալածանքների մասին: Քեմալ Յալչընի գիրքը հետաքրքրական է և բացառիկ նրանով, որ փաստագրական է և չափազանց զգացական: Ներկայացումը առաջին անգամ տեղի է ունեցել 2015 թ.-ի հունիսին Նյու Յորքում: Դրաման ներկայացվեց անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ, որին ներկա էին բազմաթիվ օտարազգի հանդիսատեսներ, ովքեր չափազանց տպավորված էին»:
Կարդացեք նաև
Կարինե Քոչարյանը հավելեց նաև, որ Հայաստանում ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վ. Աճեմյանի, հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի, հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոններում:
Շնորհակալություն հայտնելով ներկայացման ողջ անձնակազմին ներդրած մեծ ավանդի համար՝ թուրք գրող Քեմալ Յալչընը մասնավորապես նշեց.« Առաջին անգամ եմ այցելում Հայաստան, շատ հպարտ և երջանիկ եմ դրա համար: Արդեն 25 տարի է ինչ զբաղվում եմ հայկական հարցով և այդ թեմայով արդեն 5 հազար էջից ավելի հրապարակում ունեմ, որը փաստում է հայ ժողովրդի կրած ցավն ու տառապանքը: Ձեր ցավը համարում եմ իմ ցավը և դա է պատճառը, որ գիրքը ստացել է «Հոգիս ձեզմով կը խայտայ» անվանումը: Գիրքը հայերենով առաջին անգամ հրապարակվել է Երևանում, իսկ երկրորդ տպագրությունը եղել է Երուսաղեմում»:
Թուրք գրողը վստահություն հայտնեց, որ իր գրքերը և այս ներկայացումը մի քայլ է երկու ժողովուրդների փոխըմբռնման, ճշմարտության բացահայտման ճանապարհին:
Բարձր գնահատելով Քեմալ Յալչընի համարձակությունը՝ Արթուր Կարապետյանը նշեց. «Երբ, որ հայն է խոսում իր ցավի մասին, աշխարհը կարծես փակում է իր ականջները, բայց, երբ ոճրագործություն գործած ազգի մտավորականն է խոսում, դա արդեն այլ է: Նյու Յորքում ներկա էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր շատ զարմացած էին և հուզված: Կարծում եմ, որ հարյուր տարի անց թուրք մտավորականի ներողությունը կլինի առաջին քայլերից մեկը, որը կնպաստի խնդրի լուծմանը»:
Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ